Բնապահպանները ակնկալիքներ չունեն նոր նախարարից

Արթուր Գրիգորյան«Վարդան Այվազյան, Արամ Հարությունյան… մեկը մեկից անորակ բնապահպանության նախարարներ  են եղել: Մենք ոչ մի ակնկալիք չունենք նոր նախարար Արամայիս Գրիգորյանից,»-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Թեղուտի պաշտպանություն» քաղաքացիական նախաձեռնության անդամ, իրավաբան Արթուր Գրիգորյան, հավելելով, որ նոր նախարարը, որը  Արարատի նախկին մարզպետն էր, գործարար է և ընդհանրապես կապ չունի բնապահպանության ոլորտի հետ:

 

Արթուր Գրիգորյանը նշեց, որ բնապահպանները արդեն կտրուկ քայլերի են դիմելու քանի որ իրենց օրինական պահանջները Բնապահպանության նախարարությունը չի իրականացնում: «Մենք կհամագործակցենք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ֆինանսավորում են բնապահպանության նախարարության ծրագրերը, և կպահանջենք սանկցիաներ կիրառել և փակել նրանց ֆինանսական խողովակները: Դրանից հետո, կարծում եմ նրանք կհասկանան, որ արդեն անցել են ամեն ինչ սահմանը»,-ասաց Արթուր Գրիգորյանը:

 

Բնապահպանները պահանջում են, որ Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջուրը քվոտավորվի, ԱրփաՍևան ջրատար թունելի վերանորոգման աշխատանքները վերջապես ավարտվեն, կառուցել Եղվարդի ջրամբարը և այլն:

Արթուր Գրիգորյանը հայտարարեց նաև, որ Թեղուտի նախաձեռնությունը ձեռք է բերել ապացույցներ, որոնք ցույց են տալիս, որ այն, ինչ հիմա տեղի է ունենում Թեղուտում անօրինական է և քրեական գործեր հարուցելու արժանի:
«Թող սա դիտվի որպես հաղորդում հանցագործության մասին, որում ներգրավված են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածը»,- ասաց բնապահպանը:

 

Բնապահպանական խնդիրների անդրադարձավ նաև Ինգա Զարաֆյանը, նա   նշեց, որ Բնապահպանության նախարարությունը ոչ մի անգամ պաշտպան չի եղել Սևանա լճին, չնայած այն ուղղակի գտնվում է նախարարության պաշտպանության ներքո. «Այսպիսի վերաբերմունքը մեր ազգային հարստությանը կարելի է ասել մեր ռեսուրսներն ավերածության է տանում, մենք ավերում ենք մեր ջրային ռեսուրսները, և դրա վառ ապացույցը Արարատյան դաշտի աղետալի վիճակն է, ինչին հասցրեց հասնել նախորդ կառավարությունը»

Անկախ

Tags: , ,