Աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ջազմեն Վահագն Հայրապետյանը՝ ՀՊԵՆ-ի ՙHollywood Non-Stop» ծրագրում

20130515_210347Մայիսի 15-ին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, երևանյան հանդիսատեսին ներկայացրեց ՙHollywood Non-Stop» համերգային ծրագիրը։ Այն լի էր հաճելի անակնկալներով, որոնք մեկը մյուսի հետևից հանկարծակիի էին բերում հանդիսատեսին։

Ամերիկյան կինոերաժշտության երեկոյի ընթացքում երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ աշխարհահռչակ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, ով, տեղեկանալով ՙHollywood Non-Stop»-ի մասին, հատուկ Երևան էր ժամանել Թբիլիսիից՝ մասնակցելու համերգային ծրագրին։ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին, մասնակցելով երիտասարդական նվագախմբի փորձին, շատ բուռն է արձագանքել ինչպես նվագախմբի երաժիշտների կատարողական արվեսի, այնպես էլ ՙHollywood Non-Stop» նախագծի վերաբերյալ։

ՙHollywood Non-Stop» համերգային ծրագրի ընթաքում հանդիսատեսին իր կատարումը նվիրեց նաև ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ջազմեն Վահագն Հայրապետյանը։

Ամբողջ երեկոյի ընթացքում հոլիվուդյան սիրված ֆիլմերի մեղեդիներն ուղեկցվում էին մեծ էկրանին ցուցադրվող ֆիլմերի կադրերով։ «Արամ Խաչատրյան՚ համերգասրահի լեփ-լեցուն դահլիճը վայելեց «Գլադիատոր», «Կարիբյան ծովի ծովահենները», «Կնքահայրը», «Մի անգամ Ամերիկայում», «Աստղային պատերազմներ», «Մալենա» և բազմաթիվ այլ ֆիլմերի սաունդթրեքները։ Ծրագրում ընդգրկված բոլոր ստեղծագործությունները հատուկ գնվել են Հոլիվուդից:

ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, համերգից առաջ պատասխանելով լրագրողների հարցին, նշեց, որ ներկայացվող բոլոր սաունդթրեքներն իր կողմից շատ սիրված են, և չի կարող առանձնացնել դրանցից որևէ մեկը։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ «Hollywood Non-Stop»-ը մեծ դեր ունի երիտասարդներին դասական երաժշտությանն ինտեգրելու գործում։ «Այս նախագիծն ունենալու է իր շարունակությունը։ Շատ ճիշտ ձևաչափ ու մոտեցում է ընտրվել, և այն մարդիկ, որ կլսեն այսօրվա երաժշտությունը, հետագայում նույնպես ներկա կլինեն Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համերգներին՚,- նշեց Սերգեյ Սմբատյանը։

«Hollywood Non-Stop» նախագիծը մեկնարկել է 2012 թվականի մարտին, այն ունկնդրել է երևանյան 8 բուհերի և հանրապետության 4 մարզերի շուրջ 9000 հանդիսական։

Նշենք, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գլխավոր գործընկերն է ՎիվաՍել-ՄՏՍ-ը, որը հովանավորում է նաև «Hollywood Non-Stop» համերգային նախագիծը։ «Hollywood Non-Stop»-ի գործընկերն է Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը։ Համերգային ծրագիրն անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Այսօր ևս՝ ժամը 19.00, «Hollywood Non-Stop» համերգային ծրագիրը կներկայացվի «Արամ Խաչատրյան՚ համերգասրահում։

 

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի

հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: , , ,