Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի. փոխնախարար

ծԻՐԱՆ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ներկայացրեց ցրտահարության արդյունքում արձանագրված բերքի կորուստների, ցրտահարության հետևանքների հաղթահարման ուղղությամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացված աջակցության ծրագրերը:  Նախ` փոխնախարարը ներկայացրեց ցրտահարության հետևանքով գրանցված կորուստների տվյալները:

Դրանց համաձայն`  նախնական հաշվարկներով ընդհանուր վնասը կազմում է մոտ 11 միլիարդ 181 միլիոն դրամ:  Մարտի վերջի և ապրիլի առաջին օրերին արձանագրված ցածր ջերմաստիճանի պատճառով Հայաստանում վնասվել է 9185 հեկտար տարածք՝ 287 համայնքում շուրջ 3700 գյուղացիական տնտեսություն` հիմնականում Արարատում և Արմավիրում, նախալեռնային ցածրադիր գոտիներում:

Փոխնախարարը խոսելով ծիրանենու կրած վնասների մասին` նշեց, որ  6711 հեկտար տարածքի վրա ամբողջությամբ վնասվել է ծիրանի բերքը, իսկ Հայաստանի մի շարք այլ տարածքներում՝ Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի տարբեր համայնքներում ծիրանենին էական վնասներ չի կրել:  Ըստ նրա ներկայացրած տվյալների` ծիրանենու բերքն այս տարի կազմում է շուրջ 8000 տոննա, այն դեպքում, երբ անցյալ տարի այն կազմում էր շուրջ 89000, որից  23000-ն արտահանվել է:

“Վերամշակման և արտահանման համար բավականաչափ ծիրան չի լինի, սակայն շուկայում որոշ քանակությամբ ծիրան կլինի”-, նշեց փոխնախարարն ու վերամշակողներին խորհուրդ տվեց  պակասը լրացնել այլ մրգերի՝ սև սալորի, դեղձի հաշվին”:

Նախարարի տեղակալի խոսքերով որոշ վնասներ են արձանագրվել նաև դեղձենու, կեռասենու, սալորենու ծաղկած այգիներում, իսկ խաղողի սեղանի սորտերի փոխարինող բողբոջներն արդեն բացվում են, այսինքն, ըստ փոխնախարարի` խաղողի բերքի պակաս չի լինի, իսկ խաղողի տեխնիկական սորտերի բարձր բերք է սպասվում: Վաղահաս կարտոֆիլի ցանքսերի հետ կապված վնասներ չեն գրանցվել:

Այնուհետ Գառնիկ Պետրոսյանն անդրադարձավ այն գործողություններին ու ծրագրերին, որն իրականացնում է նախարարությունը` հետևանքների հաղթահարման ուղղությամբ: Մասնավորապես` նա նշեց, որ գյուղատնտեսության նախարարը և փոխվարչապետը եղել են տեղերում, հանդիպումներ ունեցել մարզպետարանների, համայնքների և գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչների հետ`պարզելու նախնական իրավիճակը, այնուհետ աշխատանքային մասնագիտական խմբերը գործուղվել են  համայնքներ, մարզեր և մանրակրկիտ ուսումնասիրություններ  կատարել, իսկ դրան հաջորդել է ՀՀ կառավարության որոշումը, որով 278 մլն. դրամ գումար է տրամադրվել տուժած գյուղացիական տնտեսությունների հողի հարկը 100%-ով  փոխհատուցելու համար, 487 մլն.դրամ` ոռոգման ջրի վարձավճարի 50%-ի փոխահատուցման նպատակով, իսկ 85մլն. դրամով ձեռք են բերվել լոլիկի, վարունգի սեխի և ձմերուկի սորտերի սերմացուներ, որոնք տրամադրվել են գյուղացիներին, իսկ  ցանկության դեպքում գյուղացիներին խաղողի տնկիներ կտրամադրվեն:

“Այսօր ունենք նաև տեղական լոլիկի շուրջ մեկ միլիոն սածիլներ, որ կարող են ինքարժեքով տրամադրվել գյուղացիական տնտեսություններին”,-հավելեց փոխնախարարը` նշելով, որ նաև նախատեսվում է իրականացնել ժամանակավոր զբաղվածության խթանման միջոցով աջակցություն տրամադրում: Անապահով գյուղացիական տնտեսությունների ներկայացուցիչները հնարավորություն կստանան ներգրավվելով իրենց իսկ գյուղացիական տնտեսության աշխատանքերում` ստանալ աշխատանքի դիմաց վարձատրություն:  Նաև աշխատանքեր են տարվելու տարադրամային վարկերը դրամայինով փոխարինելու, վարկերի տոկոսադրույքների մարումը սառեցնելու, հետաձգելու ուղղությամբ և այլն:

“Փոխհատուցման խնդիր չի դրվել` բացառությամբ ոռոգման ջրի և հողի հարկերից. հիմնական նպատակը գյուղացուն աջակցություն ցուցաբերելն է, որ վերջինս հնարավորինս քիչ կորուստներով հաղթահարի ստեղծված իրավիճակը”,- նշեց Գառնիկ Պետրոսյանը:

Անկախ

Tags: , , ,