Ուկրաինա
յում մայիսի 25-ին կայանալիք նախագահական ընտրությունները “ոչ թե իրադարձությունների վերջն են, այլ ամեն ինչի սկիզբը”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Կայանալիք նախագահական ընտրությունների և հայ համայնքի կողմնորոշումների մասին խոսելիս` քաղաքագետը նշեց. “Վստահ չեմ, որ ընտրություններն ընդհանրապես կկայանան, իսկ եթե կայանան, ապա արդյունքները քիչ թե շատ հայտնի են, քանի որ պարզ են նաև դրանց անցկացման պատճառները”:
Ըստ քաղաքագետի` այդ ընտրությունները բնականոն չեն կարող անցկացվել, քանի որ չկան դրա համար անհրաժեշտ պայմանները, ընտրարշավներ ևս չեն անցկացվում: Իսկ տարբեր քաղաքաներում, ըստ նրա, ընտրությունները տարբեր կերպ կընթանան. որոշ տեղերում կիսով չափ, որոշներում` ընդհանրապես տեղի չեն ունենա, սակայն, կարևոր կլինի միայն այն, որ ընտրությունները հայտարարվեն կայացած: Ըստ քաղաքագետի` պարզ է, որ Ռուսաստանի կողմից այդ ընտրությունների արդյունքները չեն ընդունվի, իսկ Արևմուտքը կճանաչի դրանք: Եվ դրանով Ուկրաինայում իշխանության լեգիտիմացում և երկրի կայունացում ըստ քաղաքագետի չի սպասում, Ուկրաինայում կարող է առաջանալ նաև տնտեսական ճգնաժամի, երկրորդ մայդանի բռնկման հնարավորություն:
Իսկ խոսելով Ուկրաինայի ապագա նախագահական ընտրություններում հայ համայնքի կողմնորոշման մասին` քաղաքագետը նշեց, որ հայ համայնքը Ուկրաինայում ամբողջական չէ. կան բազմաթիվ և առանձին հայկական համայնքներ, իսկ նրանց կողմնորոշմանը ականատես ենք լինում: Մայդանի համար պայքարող հայեր կան, եղել են նաև զոհեր, կան նաև համայնքներ, որոնք դեմ են մայդանին, իշխանական օղակներում հայ ազգի ներկայացուցիչ ևս ունենք` ի դեմս Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի, ուստի, այս հարցում հայկական համայնքի միասնական կողմնորոշման մասին չենք կարող խոսել: Կայանալիք ընտրություններում հայերի կողմնորոշումը կախված է նրանց սոցիալական կարգավիճակից, ապրելու վայրից և այլ գործոններից:
Իսկ “Անկախ”-ի այն հարցին, թե Հայաստանը նման իրադարձությունների պարագայում ի ՞ նչ քաղաքականություն պետք է որդեգրի հատկապես Ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, Իսկանդարյանը պատասխանեց, որ Հայաստանի համար նման իրավիճակում լավագույն որոշումը սպասելն է. պետք է սպասել խաղի ավարտին, Ադրբեջանը ևս խուճապի մեջ է, քանի որ իրադարձությունները կարող են հանգեցնել տարածաշրջանում ռուսական գործոնի հզորացմանը: Ուստի լավագույն տարբերակը այժմ Հայաստանի համար “անգործությունն է”:
Tags: Ալեքսանդր Իսկանդարյան, Հայ համայնք, Մայդան, Ուկրաինա, տարածաշրջան