«Ուշադրություն, ուշադրություն. խոսում է Բերդը…»

10269382_738696906152901_471419925001330958_n

“Ուշադրություն, ուշադրություն. խոսում է Բերդը:  Խոսափողի մոտ է Արմենուհի Փալանդուզյանը”:

Շամշադինի ռադիոլրատուն 1960-ականներից եթերում էր մինչև 2001 թվականը: Հիմնադիր-հաղորդավարը Սոնյա Ներսիսյանն էր: Նա 1995-ին մահացել է:

Դուստրը` Մելանյան, հիշում է.<<Վերջում ասում էր՝ հաղորդումը վարեց Սոնյա Ներսիսյանը: Կես ժամ էր եթերում, լուսաբանվում էր մեր տարածաշրջանի գյուղատնտեսական, մշակութային, կրթական իրադարձությունները>>:

1990-ականներին արդեն Բերդի ռադիոն արտակարգ ռեժիմով էր աշխատում: Ռադիոն եթերում էր ընդամենը 15 րոպե՝ 17:30-ից մինչև 17:45-ը: Արտակարգ դեպքերում, իհարկե, րոպեի սահմանափակման խնդիր չէր լինում:

Հայ-ադրբեջանական պատերազմական տարիներին Բերդի ռադիոհաղարդավարը Արմենուհի Փալանդուզյանն էր, լրագրողը` Մարուսյա Քոսակյանը: Նրանք երկուսով ապահովում էին տարածաշրջանի լրահոսը: <<Երբ սկսվում էր գնդակոծությունը Բերդի վրա, երբ կրակոցներ էին լսվում սահմանից, շփոթվում էի, հուզվում`չգիտեի` ինչ անեմ` շարունակեմ, թե ընդհատեմ հաղորդումը>>,-Անկախի հետ զրույցում նշեց նախկին ռադիոհաղորդավարուհի Արմենուհի Փալանդուզյանը:

Բերդի ռադիոն հատուկ թողարկմամբ եթեր էր մտնում, երբ գնդակոծության հետևանքով խաղաղ բնակիչներ էին վիրավորվում, որոնց անհրաժեշտ էր լինում օգնություն, որևէ կարգի արյան դոնոր էր անհրաժեշտ լինում: Այդ մասին հաղորդվում էր նաև սահմանին վիրավորված զինվորներին օգնելու նպատակով: Ահա այդ հրատապ դեպքերում Բերդի փոստային օպերատորն արագ ընդհատում էր կենտրոնական ռադիոյի թողարկումը և խոսափողը տրամադրում տավուշցի հաղորդավարներին: <<Բանահյուսական նյութեր էի հավաքում, հիշում եմ, որ շատ գեղեցիկ հաղորդում էր ստացվել, Բերդում այդպես էին նրան կոչում` Անանց Կոստիի մասին: Նա շատ շնորհալի, տաղանդավոր մարդ էր, շատ լավ երգում էր, հեքիաթագիր էր, ասացող էր: Անգամ հանդիպել էր Ռոմանոս Մելիքյանի հետ: Այդ հաղորդումն է ինձ համար հիշարժան եղել>>,-նշեց Արմենուհի Փալանդուզյանը:

Արմենթելի մուտքի հետ զուգահեռ արդեն փոստային ծառայության աշխատակիցները` Բերդի ռադիոյի ձայները, լուծարվել են, և արդեն 13 տարի է` Բերդի ռադիոն լուռ է:

Հիշեցնենք, որ մայիսի 7-ը ռադիոյի միջազգային օրն է:

Անկախ

Tags: , ,