Ադրբեջանի արտգործնախարարն արձագանքել է Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը

Էլմար ՄամեդյարովԱդրբեջանի տարածքային ամբողջականությունը բանակցությունների առարկա չէ, և եթե, առաջին հերթին, Հայաստանի զինված ուժերի զորքերը դուրս բերվեն Ադրբեջանի «գրավյալ» տարածքներից, բոլոր խնդիրները կլուծվեն: Այս մասին մայիսի 8-ին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի` մայիսի 7-ին Վաշինգտոնի “Կարնեգի” հիմնադրամում արած հայտարարության 6 դրույթները:

Ըստ արտգործնախարարի՝ Ուորլիքի կողմից առաջարկվող 6 սկզբունքները նոր չեն և հնչել են նախկինում: Նա նշել է, որ ադրբեջանական կողմն իր համաձայնությունն է տվել սկսելու Ղարաբաղյան հակամարտության լուծման խաղաղ համաձայնագրի նախապատրաստական աշխատանքները:

“Առկա ստատուս քվոն անընդունելի է: Մենք հայկական կողմին կոչ ենք անում հարցը համատեղ լուծել”,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ հակամարտության կողմերի միջև վստահություն չկա, և հարկադիր տեղահանվածների անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է խաղաղարարաների տեղակայում: “Եթե մենք քաղաքական տեսանկյունից համաձայնության հասնենք, ապա կկարողանանք այդ հարցը լուծել”,- ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

ԵԱՀԿ Մինսկ Խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում, որի ընթացքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղիներին՝ նշելով, որ կան վեց տարրեր, որոնք պետք է խաղաղության համաձայնագրի մաս կազմեն, եթե ուզում ենք, որ այն տևական լինի:

Tags: