Այսօր լրագրողների հետ հանդիպմանը մայիս ամսվա ամուսնությունների վերաբերյալ ժողովրդի շրջանում տարածված համոզմունքները քննարկեցին Այրարատյան հայրապետական թեմի Կանաչուտի Սուրբ Գևորգ եկեղեցու և Նուբարաշեն համայնքի հոգևոր հովիվ, արժանապատիվ Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը և քուրմ Գեղամը:
“Ընդհանրապես Հայ առաքելական եկեղեցին որևէ ամսին ամուսնություն չի արգելում, բացի Մեծ պահքի վերջին` Ավագ շաբաթվա ամուսնություններից: Սա ընդամենը սնահավատություն է. ես ինքս էլ մայիս ամսին կատարել եմ պսակադրության արարողություններ և, փառք Աստծո, այդ ընտանքիներն ապրում են խաղաղ, երջանիկ: Իսկ այդ սնահավատությունը, կարծում եմ, կապված է նրա հետ, որ հնում մայիս ամիսը աղքատ ամիս է եղել. նախորդ բերքը վերջացել է, իսկ նորը դեռ չի եղել, այդ պատճառով ժողովուրդը կոչել է “մայիս-վայիս” և ուրախության արարողություններ չեն կատարել, բայց Հայ առաքելական եկեղեցու կողմից նման արգելքի խնդիր բնավ չկա”,- նշեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանը:
“Նախ շնորհավորում եմ մայիս ամսվա մեր հաղթանակների առիթով և թող Վահագն Աստված ձեզ զորավիգ լինի”,-լրագրողներին ողջունեց քուրմ Գեղամը և նշեց, որ պսակադրությունը ունի խորհուրդ. սա զուտ տղայի և աղջկա ամուսնություն չէ. մեր ավանդական հայ պատկերացումներում սա երկու տոհմերի դաշինքն է, և այն պսակադրությամբ հաստատելու խորհուրդը պետք է լիառատ սեղանով նշել: Քուրմ Գեղամը համաձայնեց Տեր-Նիկողոս քահանա Հովհաննիսյանի այն մտքին, որ սա ժողովրդական սնահավատություն է և մեկնաբանեց, որ երբ հին պտուղը, ընդեղենը վերջացել է, այդ դաշինքը նշելու համար առատ սեղան պատրաստելու հնարավորությունը սուղ է եղել: “Սրանով է պայմանավորված այդ համոզմունքը, և մենք չենք խրախուսում մայիսին ամուսնություններ չկատարելը”,-ավելացրեց քուրմ Գեղամը:
“Անկախի” այն հարցին, թե ցեղակրոնները խրախուսու՞մ են հայի և այլազգիի ամուսնությունը, քուրմ Գեղամը պատասխանեց, որ արիական բոլոր ազգերի ամուսնությունը, որոնց նախահայրենիքը Հայաստանն է և կրում են արիական արյուն, խրախուսում են, իսկ ոչ արիական ազգի հետ հայերի ամուսնությունը գենախեղման է հանգեցնում. դա էլ ժամանակակից աշխարհի չարիքներից է:
“Չի կարող հայ տղամարդը ամուսնանալ այլ ռասսայի ներկայացուցչի հետ և ունենալ նորմալ երեխա”,-նշեց քուրմ Գեղամը:
Իսկ այն հարցին թե հայ եկեղեցին ընդունում է քրիստոնյայի և, օրինակ, մահմեդականի ամուսնությունը, քահանան պատասխանեց. “Մենք նման պսակը չենք ընդունում, չենք կատարում”:
Այս հարցի վերաբերյալ քուրմ Գեղամն այլ պատկերացում ունի. “Եթե նույնիսկ մահմեդական է, մեզ համար դա նշանակություն չունի, կարևորը, որ հայ է և արյունը մաքուր է”:
Tags: ամուսնություն, Հայ առաքելական եկեղեցի, մայիս-վայիս, սնահավատություն, ցեղակրոնություն, քուրմ