Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն միայն լավագույնները. Ա. Աշոտյան

MHM87564 copyԽ.Դաշտենցի անվան թիվ 114 դպրոցում այսօր մեկնարկել է hանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ հավակնորդների քննությունների հերթական փուլը: Քննության մասնակիցներին ողջունել և հաջողություն է մաղթել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը մասնակիցներին ևս մեկ անգամ հավաստիացրել է, որ քննությունները կանցնեն արդար, օբյեկտիվ, և հավակնորդների ցանկացած բողոք հաձնաժողովը մանրամասն կքննարկի:

Լրատվամիջոցների հետ հարցուպատասխանի ընթացքում նախարարը նշել է, որ այս տարիների ընթացքում հազարից ավելի հավակնորդներ հաջողությամբ հանձել են վերոնշյալ քննությունները` չնայած մեծ է եղել նաև անբավարար ստացածների թիվը: <Նախորդ տարիների վիճակագրությունը ցույց է տալիս, որ հավակնորդների 20- տոկոսից ավելին չի հաղթահարել կամ բանավոր կամ գրավոր փուլը: Օբյեկտիվիության առումով լուրջ դժգոհություններ չեն եղել, արդարության հետ կապված որևէ խնդիր չի եղել: Եթե հավակնորդը բողոքարկում է արդյունքները, հանձնաժողովը նրա հետ միասին վերլուծում է գրավոր աշխատանքը, իսկ բանավոր փուլը ձայնագրվում է, և այն շատ հեշտ է կարելի է վերծանել: Ասեմ ավելին` եղել են դեպքեր, որ բողոքարկման դեպքում հանձնաժողովը վերանայել է իր որոշումը: Հանրապետության ողջ տարածքում մենք ունենք բազմաթիվ հավակնորդներ, որոնց մեծ մասն արդեն տնօրեն է աշխատում>,-նշել է նախարարը` հավելելով, որ նախարարությունը նախատեսում է բարդացնել վերոնշյալ քննությունները և ավելի խիստ պահանջներ դնել տնօրենների առջև: <Մեր վերջնական ակնկալիքն է, որ դպրոցում աշխատեն  միայն լավագույնները>,-նշել է Ա. Աշոտյանը` հավելելով, թե այս տարիների ընթացքում քննությունների ոչ հաջող մասնակցության հետևանքով հանրապետության դպրոցներում 200-ից ավելի տնօրեններ փոխվել են:

Նշենք, որ հավաստագրման քննությունները կազմակերպվում են երկու փուլով` գրավոր /թեսթային/ և բանավոր: Առաջին փուլում 90 և ավելի տոկոս ճիշտ պատասխաններ ապահոված հավակնորդներն իրավունք են ստանում մասնակցել բանավոր փուլին: Քնությունները հաջողությամբ հանձնած հավակնորդները ստանում են հավաստագիր, որը տվյալ անձին իրավունք է տալիս հինգ տարի շարունակ Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած պետական դպրոցում առաջադրվել և ընտրվել տնօրեն։
Հայտագրված 130 հավակնորդից քննական առաջին օրը մասնակցել են 26-ը:

 

Tags: