Կրթական հատուկ հաստատությունների սաների համար ֆուտբոլային մրցաշար է անցկացվել

004Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն այցելել է Լսողության խանգարում ունեցող երեխաների Երևանի հատուկ կրթահամալիր, որտեղ սովորում են երևանաբնակ, ինչպես նաև Հայաստանի տարբեր մարզերից եկած 133 երեխաներ և հանրակրթական գիտելիքներից բացի ստանում են նաև արհեստագիտական կրթություն։ Քաղաքապետի տեղակալը շրջել է դասասենյակներում, գորգագործության, վարսահարդարման, կաշվեգործության, կարուձևի և այլ արհեստագործական կաբինետներում ծանոթացել է ուսուցման մասնագիտական առանձնահատկություններին։

Այնուհետ Երևանի քաղաքապետի տեղակալը ներկա է գտնվել կրթահամալիրին կից մարզադաշտում անցկացված մարզական միջոցառմանը, որին մասնակցել են մայիսի 6-8-ը անցկացված Երևանի հատուկ դպրոցների ֆուտբոլային թիմերը։ Արամ Սուքիասյանը  ողջունել է մրցաշարը կազմակերպելու նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել հատուկ դպրոցների մանկավարժներին բարդ ու կարևոր, նաև արդյունավետ աշխատանքի համար։

«Շնորհակալություն, որ ջանք չեք խնայում անելու հնարավորը այս երեխաների ինչպես հանրակրթական պրոցեսը կազմակերպելու, նույնպես և երեխաների առօրյան ճիշտ ու գրագետ կազմակերպելու համար։ Շնորհակալություն այն հոգածության համար, որը յուրաքանչյուր երեխայի նկատմամբ ձեր վերաբերմունքն է»,- նշել է Արամ Սուքիասյանը։

Երևան քաղաքի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում անցկացված ֆուտբոլի մրցաշարին մասնակցել են հատուկ դպրոցների, կրթահամալիրների, խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատությունների 110 աշակերտներ։ Հաղթող թիմերին մրցանակներն ու պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանություն բաժնի պետ Իդա Խաչատրյանի խոսքով՝ նման մրցաշարը ևս մեկ ձեռնարկում է՝ ուղղված գիշերօթիկ և հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների առողջության ամրապնդմանը և հասարակության մեջ նրանց լիարժեք ինտեգրմանը։

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն