Արմեն Ռուստամյան. «Գազի գնի թանկացումը կհանգեցնի կատարյալ աղքատության»

Լուսանկարը` Pastinfo.am-ի

Լուսանկարը` Pastinfo.am-ի

Գազի սակագնի բարձրացման շուրջ խոսակցություններից դժգոհ քաղաքացիներն այսօր կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց թվում էին քաղաքական գործիչներ, զոհված զինծառայողների մայրեր, բնապահպան ակտիվիստներ և ուղղակի քաղաքացիներ, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում ու ասում, որ գազի գնի թանկացումը կբերի մյուս ապրանքատեսակների թանկացման, ապա արտագաղթի:

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ գազի սակագնի բարձրացումը նշանակում է փլուզել առանց այլ էլ փլուզված Հայաստանի տնտեսությունը:

«Սա աննախադեպ սոցիալական լարվածություն կառաջացնի երկրում և թռիչքային ձեւով գների բարձրացում կարող է առաջացնել»,- ասաց Արմեն Ռուստամյանն ու հավելեց, որ իրենց կարծիքով 60-70 տոկոս աղքատությունը կդառնա կատարյալ և որ կլինեն 5 տոկոս մեծահարուստներ, որոնք բնականաբար չեն տուժի այս ամենից, բայց ժողովրդի մեծ մասը կհայտնվի անմխիթար վիճակում:

Ռուստամյանի կարծիքով՝ կառավարությունը ժողովրդին այսպիսի անակնկալ չպետք է մատուցեր, քանի որ նրանց հայտարարած ոչ մի ծրագրում նման բան չէր նախատեսվում: Իսկ հնարավոր գնաճի վերաբերյալ դաշնակցության հարցերին ի պատասխան կառավարությունը միշտ հերքել է՝ ասելով, որ ընդհակառակը նախատեսում են թոշակների և աշխատավարձերի բարձրացում:

«Սպասում ենք նոր կառավարության ծրագրին, և եթե սրա վրա պետք է հենվեն իրենք, ապա լավ բան կանխատեսել չենք կարող»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Tags: