Եվրոպայի նախարարը կոչ է անում բոլոր կողմերին նոր ջանքեր գործադրել՝ գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հինմնական լուծում

Դեյվիդ ԼիդինգթոնԵվրոպայի նախարար Դեյվիդ Լիդինգթոնը մայիսի 12-ի իր ելույթում ասել է.

«Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի հրադադարի պայմանագրի 20 տարին: Չնայած այն վերջ դրեց կատաղի մարտերին, սակայն իրական խաղաղության դեռ պետք է հասնել: Դիպուկահարների կրակոցները շարունակում են կյանքեր խլել երկու կողմից էլ, և հաճախ կռվող զինվորներն ավելի երիտասարդ են քան գործող հրադադարը: Համամարդկային ճգնաժամը շարունակվում է, քանի որ հազարավոր տեղահանված մարդիկ իրենց ծանր դրության համարժեք լուծում չունեն: Խաղաղությանը հնարավոր է հասնել միայն երկկողմ փոխզիջումներով:

Ներկա սերունդը տեղյակ է միայն հայերի և ադրբեջանցիների միջև հակամարտության մասին ու չգիտի, որ այս երկու ժողովուրդները համատեղ խաղաղ բնակության երկար, ընդհանուր պատմություն ունեն: Խաղաղությունը հնարավոր է միայն, եթե երկու կողմերը ստեղծեն մի իրավիճակ, երբ համաձայնագիրն ընդունելի է իրենց բնակչության կողմից: Ցավոք սրտի այսօր այդ իրավիճակը չէ:

Միացյալ Թագավորությունը մնում է հավատարիմ մարդկանց միավորելու և Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի հասարակությունների փոխըմբռնումը զարգացնելու իր գործունեությանը: Անհատական մակարդակում շփումները և խաղաղություն կառուցողները, ովքեր ապահովում են այդ կապերի շարունակականությունը, հանդիսանում են խաղաղության ու հաշտեցման ցանկացած գործընթացի կարևոր բաղադրիչ:

Միացյալ Թագավորությունը աջակցում է Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին, ովքեր ջանում են նպաստել խաղաղության համաձայնագրի առաջընթացին: Ամերիկացի համանախագահ, դեսպան Ջեյմս Ուորլիքը մայիսի 7-ին նորից հստակ նշեց այն բաղադրիչները՝ ներառյալ գրավյալ տարածքների վերադարձը և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ ազատ կամաարտահայտման ընդունումը, որոնք պայմանավորվածության մաս կկազմեն: Հուսով եմ, որ երկու երկրների ղեկավարներն էլ քաղաքական խիզախություն կցուցաբերեն՝ իրականացնելու այս լուծումը Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ժողովուրդների համար:»

Tags: ,