Ամուսինը հրկիզել է տունը, ոստիկանները հրաժարվում են քրեական գործ հարուցել

Սիրանույշ ԱղաբեկյանԱյսօր լրագրողների հետ հանդիպեցին ընտանեկան բռնության զոհ դարձած Սիրանույշ Աղաբեկյանը, նրա փաստաբան Տիգրան Մուրադյանը և «Հասարակությունն առանց բռնության» հասարակական կազմակերպության ծրագրի համակարգող Լիդա Մինասյանը: Նրանք խոսեցին Աղաբեկյանի ամուսնու կողմից դանակահարության և համատեղ սեփականության բնակարանը հրկիզելու դեպքերի մասին, ինչպես նաև ոստիկանության և իրավապահ մարմինների արձագանքի մասին:

Ամանորի գիշերը Լևոն Աղաբեկյանն ընտանիքիի բնակարանը դիտավորյալ հրկիզել է: Ընտանիքի անդամները ֆիզիկապես չեն տուժել, սակայն տունը մոխիր է դարձել:
Լևոն Աղաբեկյանն ընդամենը 20 օր առաջ էր հենց դատարանի դահլիճից ազատ արձակվել: Չնայած, վերջինս պարբերաբար ծեծի էր ենթարկում կնոջն ու դատարանի դահլիճում էր հայտնվել կնոջը` Սիրանուշ Աղաբեկյանին դանակահարելու համար, կինը որդու խնդրանքով, դատարանում ներել է ամուսնուն, ինչն էլ հիմք է եղել քրեական գործը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու համար: Լևոն Աղաբեկյանը խմիչքի հետ կապված խնդիրների պատճառով մշտապես կնոջը բռնության էր ենթարկում: 2013 թվականի հոկտեմբերի 9-ին կնոջը դանակով մի քանի անգամ հարվածել էր և , եթե բժիշկները ժամանակին բուժօգնություն չցուցաբերեին, կինը կարող էր ֆիզիկական լուրջ խնդիրներ ձեռքբերել: Նշենք, որ ամուսինները պաշտոնապես չեն ամուսմնալուծվել: Ապահարզանի առիթով լսումը տեղի կունենա մայիսի 21-ին:

Ինքը` Սիրանույշ Աղաբեկյանը և նրա փաստաբանը դժգոհ են իրավապահ մարմինների ձեռնարկած գործողություններից: Տան հրկիզման առիթով գործ չի հարուցվել. « Լևոն Աղաբեկյանը մեղադրվում է դիտավորությամբ մարմնական թեթև վնասվածքներ հասցնելու մեջ, սակայն ոստիկանները հրկիզման վերաբերյալ քրեական գործ հարուցել հրաժարվում են` պատճառաբանելով, թե բնակարանը պատկանում էր հենց Լևոն Աղաբեկյանին և դրա հետ ինչ կուզի, կանի: Սակայն, ըստ սեփականության վկայականի, տան սեփականատերերը չորսն են: Հնարավոր է դիմենք դատարան ոստիկանների գործողությունները այս գործի ընթացքում քննելու համար»,- ասաց փաստաբան Տիգրան Մուրադյանը:

2012 թվականից ի վեր «Արագ Արձագանքման խումբն» արձանագրել է ընտանեկան բռնության  40 դեպք, որոնցից 16-ը` սպանության դեպքեր էին,  2-ը` սեռական,  2 –ը հոգեբանական, 20-ը` ֆիզիկական:

Անկախ

Tags: ,