Կուբայում Էռնեստ Հեմինգուեյի մասին ֆիլմ կնկարահանվի

ernest_hemingway_in_cubaՀավանայում սկսվել են Էռնեստ Հեմինգուեյի մասին ֆիլմի նկարահանումները: Այս մասին գրում է Rolling Stone-ը` հղում անելով ֆիլմի ռեժիսորին` Բոբ Յարիին:

Ֆիլմը, որ կոչվում է «Հայրիկ» («Papa»), պատմում է լրագրող Դեն Բարթ Փեթիքլերի և Հեմինգուեյի ընկերության մասին և հիմնված է Փեթիքլերի ինքնակենսագրական գրքի վրա: Ֆիլմի ռեժիսորը Բոբ  Յարին է, իսկ հերոսներին մարմնավորել են  Ջիովաննի Ռիբիսին` որպես երիտասարդ Փեթիքլեր և Էդրիան Սփարքսը` որպես Հեմինգուեյ:

Սա առաջին հոլիվուդյան ֆիլմն է, որը նկարահանվում է Կուբայում 1959 թվականի հեղափոխությունից ի վեր: Նկարահանումների համար Յարին հատուկ թույլտվություն է ստացել ԱՄՆ ֆինանսների նախարարությունից. 1960 թվականից Կուբայում գործում են խտրական տնտեսական միջոցառումներ ԱՄՆ-ի կողմից:

«Մեզ համար կարևոր էր նկարահանել ֆիլմ հենց Կուբայում. այստեղ է գտնվում Հեմինգուեյի ֆերման, այստեղ է եղել նրա նավը, նրա բոլոր սիրած վայրերը ձկնորսության համար: Ամեն ինչ այստեղ է, այնպես որ դա մի այլ վայրում վերարտադրելու միտքն  այնքան էլ չէր ոգևորում մեզ »,- ռեժիսորը այսպես է մեկնաբանել իշխանությունների դրական որոշումը:

Հեմինգուեյի ժառանգությունը պահպանելը այն հազվադեպ գաղափարներից է, որի համար Միացյալ Նահանգները և Կուբան սերտորեն համագործակցում են երկար տարիների ընթացքում, և գուցե հենց այդ ընդհանուր սերն է հնարավոր դարձրել «Հայրիկի» նկարահանումները Հավանայում: «Հեմինգուեյն  ամենահայտնի ամերիկացին է, ով ապրել է Կուբայում, և այսօր, կարծում եմ, կուբացիները փայփայում են նրա հիշատակը, սիրում են նրան: Ես հույս ունեմ, որ այս ֆիլմը կդառնա հավելյալ բաղադրիչ երկու ժողովուրդների և մշակույթների միջև եղած  ճեղքը վերացնելու գործում»,-կարծում է ֆիլմի ռեժիսորը:

Tags: , ,