ԱԺ-ում շարունակվում է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին Կառավարության ներկայացրած նախագծի քննարկումը: Քննարկման ընթացքում «քառյակից» ՀԱԿ խմբակցությունը հայտնեց, որ դեմ է նախագծին, ԲՀԿ-ն՝ թե կքվեարկի՝ կախված իր հարցերին հնչելիք պատասխաններից, իսկ ՀՅԴ-ն՝ թե պատրաստվում է կողմ քվեարկել:
Այս տարակարծության շուրջ լրագրողների հարցերին պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Քառյակի նիստում քննարկել ենք նախագիծը, որոշում ենք ունեցել, որ եթե Կառավարության բերած առաջարկները չբավարարեն մեզ, չհամընկնեն նույն բանի հետ, ինչ մենք ենք առաջարկում, ուրեմն դա մերժելու ենք ու արտահերթ նիստ հրավիրենք: Թե ինչու է ՀՅԴ-ն հիմա կողմ արտահայտվում, այս հարցը ուղղեք հենց ՀՅԴ-ին», – ասաց Լևոն Զուրաբյանը:
Լրագրողներից մեկի հարցին, թե կարելի է ասել, որ քառյակը կազմաքանդվել է, նա այսպես արձագանքեց. «Այնքան հեշտ եք քառյակը ամեն րոպե ջարդում: Ամեն մի հարցում կարող է անհամաձայնություն լինել, եթե դուք ամեն մի անհամաձայնության դրսևորում համարելու եք քառյակի գերեզման, շատ սխալ դիրքորոշում եք որդեգրել»:
Tags: աժ, Լևոն Զուրաբյան