Տարոն Մարգարյան. քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են

տարոն մարգարյան-կառավարության նիստԵրևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ մայրաքաղաքում շարունակվում են փողոցների, մայթերի և այգիների սանիտարական մաքրման  աշխատանքները: Կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ այդ նպատակով քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցների մասնակցությամբ շաբաթ օրը կազմակերպվել են նաև լրացուցիչ սանմաքրման աշխատանքներ: Զեկուցվել է նաև, որ գույքագրվել են հանրային օգտագործման տարածքներում առկա աղբամաններն ու, ըստ անհրաժեշտության, տվյալ տարածքները համալրվել են նոր աղբամաններով: Քաղաքապետը հանձնարարել է նշված աշխատանքները պահել մշտական ուշադրության կենտրոնում և աղբամաններով կահավորել նաև երկրորդական, երրորդական փողոցները, ինչպես նաև համալրումներ կատարել զբոսայգիներում և բակային տարածքներում:

«Այս ուղղությամբ աշխատանքները պետք է լինեն մշտական հսկողության տակ և համալրումներն էլ, բնականաբար, պետք է արվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում, անմիջապես: Եվ ընդհանրապես, պետք չէ կարծել, որ եթե արդեն տեղադրել եք անհրաժեշտ աղբամանները, ապա այլևս ավարտել եք ձեր աշխատանքներն ու տվյալ հատվածում էլ անելիք չկա: Միշտ հիշեք, որ քաղաքային տնտեսության հետ կապված աշխատանքները երբեք չեն ավարտվում, դրանք շարունակական են: Ուստի հորդորում եմ բոլորիդ զերծ մնալ իրականացվող աշխատանքներն ամբողջությամբ ավարտված համարելու մտայնությունից և առաջնորդվել շարունակականության սկզբունքով, ինչն արդյունավետ աշխատանքի կազմակերպման ամենակարևոր պայմանն է»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,