Ընտրողների թիվը, ի հեճուկս արտագաթի, գնալով ավելի ու ավելի աճելու է. Նիկոլ Փաշինյան

Շավարշ, ՆիկոլԱզգային ժողովը քննարկում է Կառավարության կողմից ներկայացված ՝՛՛Բնակչության պետական ռեգիստրի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ փոփոխություններն իրականացվում են երեք սկզբունքով՝ հաշվառումը պետք է լինի կամավոր՝ ոչ պարտադիր, երկրորդ՝ այն անվճար պիտի լինի, երրորդ՝ հեռակա հասանելի:

Փոխնախարարը նշեց, որ իրական կյանքում հաճախ անհնար է պարտադիր հյուպատոսական հաշվառումը, բազում երկրներում չունենք հյուպատոսական ներկայացուցիչներ, ուստի քաղաքացին ի վիճակի չէ երկրներ հատել: Փոխնախարարը նշեց, որ հանվել են հաշվառման համար նախատեսված վճարումները, ուստի փոփոխությունների այս փաթեթը կամավորության սկզբունքի և հեռակա հասանելիության սկզբունքի իրականացմանն է միտված:

Մաքսային օրենսգիրքը, Քոչարյանի խոսքով, խրախուսում է հայրենադարձությունը, քանի որ ՀՀ քաղաքացիները, ովքեր բնակվում են արտերկրում հինգ տարուց ավելի, վերադառնալով Հայաստան, իրենց գույքն առանց որևէ վճարումների կարող են մտցնել երկիր:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Շավարշ Քոչարյանի ելույթից հետո հարց ուղղեց վերջինիս. ՛՛Երրորդ հանրապետության պատմության մեջ մի տարօրինակ փաստի ենք ականատես լինում, Հայաստանից մարդիկ արտագաղթում են, բայց ընտրողների ցուցակներում մարդիկ ավելանում են: 2013-ին ընտրողները համարյա 400 000 հոգով ավելի են, քան Անկախության հանրաքվեի մասնակիցները: Հյուպատոսական հաշվառման կանգնած ՀՀ քաղաքացիները համապատասխան ընթացակարգերով պետք է հանվեն գրանցումից, այդպիսով նաև հաշվառումից հանվեն և ընտրացուցակներից նույնպես դուրս գան, որովհետև Հայաստանում չեն: Սրա դեմ որևէ դրույթ չեք առաջարկում՝ չնայած ընտրողների թիվը, ի հեճուկս արտագաթի, գնալով ավելի ու ավելի աճելու է՛՛, – ասաց պատգամավորը:

Շավարշ Քոչարյանը խոստացավ մինչև երկրորդ ընթերցումը խորքային ուսումնասիրել և պատասխանել Նիկոլ Փաշինյանի հարցին, սակայն, միևնույն ժամանակ, մատնանշեց, որ Նիկոլ Փաշինյանի նշած խնդիրն իր ներկայացրած հարցի բովանդակությունից դուրս է:

Անկախ

Tags: , ,