“Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը Հայաստան, ինչ խոսք, հետաքրքիր է, քանի որ փաստացիորեն նա շրջայց է կատարում Հարավային Կովկասի երկրներ և որպես Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավար` նշում, որ Ֆրանսիան շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել և հետամուտ է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը” ,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց ադրբեջանագետ Սարգիս Ասատրյան:
Ընդհանուր առմամբ, ըստ ադրբեջանագետի, Արևմուտքը շահագրգիռ է լուծելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որի նպատակն է նաև այդ խնդրի լուծմամբ Հարավային Կովկասի երկրները կամաց-կամաց ուղղել դեպի Արևմուտք: Ըստ Սարգիս Ասատրյանի `այս ամենից զատ, տարածաշրջանը կարևոր է Արևմուտքի համար և այս առումով նրանք ամեն-ինչ անելու են այն ռուսական ազդեցությունից զերծ պահելու համար. իսկ ռուսական ազդեցության ընդլայնմանը ականատես ենք լինում նաև ուկրաինական իրադարձությունների համատեքստում:
Ադրբեջանագետը նշեց, որ Օլանդի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանի` Մաքսային Միությանը անդամակցելը չի խանագարում հարաբերություններին, ցույց է տալիս, որ Արևմուտքը շահագրգռված է Հայաստանի հետ սերտ հարաբերություններ հաստատելու հարցում: “Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եղել է Բաքվում, այժմ Երևանում է և պատրաստվում է մեկնել Թիֆլիս. սա սպասելի է, քանի որ Ֆրանսիան միշտ էլ ակտիվ է այս տարածաշրջանում: Ըստ էության, նա ոչ մի նոր բան չի ասել` Ադրբեջանում և Հայաստանում` նշելով, որ Ֆրանսիան հետամուտ է լինելու խնդրի կարգավորմանը”,-նշեց Սարգիս Ասարյանը:
Իսկ ինչ վերաբերում է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, ապա, ըստ ադրբեջանագետի, Ղարաբաղյան հակամարտությունը բավականին բարդ է և գուցե նմանատիպ հայտարարություններով ցանկանում են ստուգել արձագանքը:
“Անկախ”-ի այն հարցին, թե Ռուսաստանը որևէ շահագրգռվածություն ունի՞ այս պահին սրելու Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, ադրբեջանագետը պատասխանեց, որ այս պահին Ռուսաստանի շահերից չի բխում Արցախի հարցի սրացումը, որովհետև տարածաշրջանում կառաջանա երկու կոնֆլիկտային գոտի և կառավարելն ավելի դժվար կլինի. նման պարագայում ձեռնտու է առայժմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում ստատուս-քվոյի պահպանումը: Բացի այս, ըստ Սարգիս Ասատրյանի, եթե Ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծվի ու սահմանները բացվեն, Ռուսաստանը շրջանցող էներգակիրների կիրառման նոր ծրագիր կմշակվի, իսկ Հայաստանն այստեղ առանցքային գործառույթ կարող է կատարել, քանի որ ավելի հեշտ է Հայաստանի տարածքով անցկացնել էներգակիր խողովակներ, քան Վրաստանի տարածքով, Սև ծովի տակով և այլն:
Tags: Արևմուտք, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն, Ջեյմս Ուորլիք, Սարգիս Ասատրյան, Ֆրանսուա Օլանդ