Հայաստանում կներդրվի ոչ նյութական վնասի փոխհատուցման ինստիտուտը

theme_1ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը Ազգային ժողովին ներկայացրեց քաղաքացիական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը, որով Հայաստանում ներդրվելու է ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը՝ նախատեսելով վնասի փոխհատուցման չափը որոշելու սկզբունքները:

Առաջարկվող օրենքի գործողությունը նախատեսվում է տարածել հետևյալ դեպքերի վրա` իրավասու պետական մարմինների կողմից քաղաքացուն խոշտանգման ենթարկելը կամ անիրավաչափորեն կյանքից զրկելը, կյանքից զրկված անձի մահվան կամ ենթադրյալ խոշտանգման փաստի առթիվ պետական մարմինների կամ պաշտոնատար անձանց որոշման, գործողության կամ անգործության արդյունքում պատշաճ քննություն չիրականացնելը, անձին ազատությունից անիրավաչափորեն զրկելը և նոր կամ նոր ի հայտ եկած հանգամանքներով դատապարտյալի արդարացումը:

Օրինագիծը հրատապ կարգով է բերվել խորհրդարան, քանի որ Հայաստանն այդ առումով ունի միջազգային պարտավորություններ: Փոխնախարարն ակնկալում է, որ օրենքի ընդունմամբ կնվազեն Հայաստանի կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտում արձանագրող Եվրոպական դատարանի վճիռները:

ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ողջունելով այս նախաձեռնությունը, միաժամանակ ցավով նշեց, որ մենք նման փոփոխություններն անում ենք միայն այն ժամանակ, երբ միջազգային կառույցներն են դա պարտադրում:

Պատգամավորը նաև բարձրացրեց Մարտի մեկի զոհերին իրավահաջորդներին և այդ ժամանակ վիրավորված կամ հաշմանդամ դարձած քաղաքացիներին փոխհատուցում տալու հարցը: «Փոխհատուցել ենք բոլոր խանութի տերերին, վառված ավտոմեքենաների տերերին, բայց ոչ մի հաշմվածի, ոչ մի խեղվածի չենք փոխհատուցում»:

Փոխնախարարի խոսքով՝ ինստիտուտի ներդրումը դեռ նոր է, և համակարգային ուսումնասիրության խնդիր կա: Նա խոստացավ, որ ամբողջական փոխհատուցման փաթեթը ներդնելու ժամանակ այս հարցը նույնպես կքննարկվի:

ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը փոխնախարարից հետաքրքրվեց, թե մինչ օրս մեր երկիրը պետական բյուջեից որքա՞ն գունար է վճարել Եվրոպական դատարանում շահած քաղաքացիներին կողմից կայացված վճիռների արդյունքում:

Արման Թաթոյանը նախ նշեց, որ մեր երկրից Եվրոպական դատարանը 2007 թվականից է ընդունում հայցեր և մինչ օրս 2028 հայց է ընդունվել, որոնցից 148-ը ճանաչվել է անընդունելի և ցուցակից հանվել է: Իսկ գումարային առումով ընդհանուր առմամբ 16 միլիոն եվրո է կազմել բավարարված հայցերի տուգանքը, որից Հայաստանի պետական բյուջեից մոտ 576 000 եվրո է վճարվել:

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ կարծում է, որ նախագիծը ոչ թե մեկ քայլ առաջ է, այլ կիսաքայլ է, քանի որ սահմանվում է միայն կյանքի իրավունքի, խոշտանգումների, անձի անձեռնմխելիության և անարդարացի դատապարտումների մասով:

«Նախագծի հիմքում դրվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, որը նվազագույն չափանիշներ է սահմանում, մինչդեռ մեր Սահմանադրությամբ ավելի բարձր չափանիշներ են սահմանված: Իրավունքների մի ողջ ցանկ, որ ամրագրված է մեր Սահմանադրությամբ, պետք է ունենա ոչ նյութական փոխհատուցման հնարավորություն»,-կարծում է Մարուքյանը:

Նա նաև գտնում է, որ օրենքին պետք է հետադարձ ուժ տալ:

 

Անկախ

Tags: , ,