20 տարվա ընթացքում Ադրբեջանը ունեցել է 610 զինվորի կորուստ

զինվորի մահԱդրբեջանական “Դոկտրինա” լրագրողական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է ուսումնասիրություն`1994թ. մայիսի 12-ին հաստատված հրադադարից ի վեր հայ-ադրբեջանական շփման գծում զոհված և վիրավորված ադրբեջանցիների մասին, հաղորդում է ադրբեջանական “Թուրան” գործակալությունը:

 

Ինչպես տեղեկացրել է “Դոկտրինա” կենտրոնի տնօրեն Ջասուր Սումերինլին, 20 տարվա ընթացքում զոհվել է 610 ադրբեջանցի զինվոր, վիրավորվել` ավելի քան 710-ը:

 

Ուսումնասիրության հիմքում զանգվածային լրատվամիջոցների, ռազմական աղբյուրներից, զինվորների ծնողներից ստացված տեղեկություններ ու տվյալներ են: Նշված ժամանակահատվածում ադրբեջանցի 120 զինվորական մահացել է ականի պայթյունից, իսկ 200-ը վիրավորվել է:

 

Ըստ ադրբեջանական տվյալների՝ 20 տարվա ընթացքում հրազենային վնասվածքներից մահացել է 15 քաղաքացիական անձ, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Ականի պայթյունից զոհվել են 18 քաղաքացիական անձինք, վիրավորվել՝ 25-ը:

 

Ըստ ուսումնասիրության՝ ադրբեջանցի 9 քաղաքացիական անձինք պատանդ են վերցվել, որոնք հետագայում ազատ են արձակվել: Ադրբեջանցի 30 զինծառայող գերի է ընկել, որից 5-ը ուղարկվել է երրորդ երկիր, մյուսները վերադարձվել են Ադրբեջան:

 

“Դոկտրինա” կենտրոնը չի բացառում, որ իրականում հրապարակված թվերը կարող են շատ ավելի մեծ լինել:

 

 Անկախ

Tags: , ,