Լրամշակված վիճահարույց օրինագիծն ընդունվեց. կողմ քվեարկեց միայն ՀՀԿ-ն

Ազգային ժողովԿառավարության կողմից ներկայացված «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 68 կողմ, 12 դեմ և 36 ձեռնպահ քվեարկությամբ։

ՀՅԴ-ն, որ մինչ այդ հայտարարել էր, որ կողմ է խորհրդարան բերված նախագծին, ձեռնպահ քվեարկեց: Նույն կերպ քվեարկեցին նաև ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը, իսկ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը քվերակեցին դեմ։

Մինչ քվեարկությունը, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նանիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ օրինագիծը թերի է և չի լուծում խնդիրն ամբողջությամբ։

ՕԵԿ խմբակցության անունից հանդես եկավ Հովհաննես Մարգարյանը՝ նշելով, որ լրամշակված նախագիծը կես քայլ է, ինչը գնահատում են դրական,  բայց ոչ ամբողջական, քանի որ պարատադիրը մնում է:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հավելեց, որ այս օրինագծով միայն ակտիվ քաղաքացիների հարցն է լուծելու, իսկ մեծամասնությունը մնալու է պարտադիր կուտակային համակարգի մեջ, քանի որ դիմում գրելու և համակարգից հրաժարվելու համարձակություն կունենան քչերը: Զուրաբյանը ոչ իշխանական չորս ուժերին առաջարկեց այս հարցով նախաձեռնել արտահերթ նիստ:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտնեց, որ իրենք մշտապես դեմ են եղել պարատադիր բաղադրիչի կիրառմանը, և իրենց պահանջն է եղել, որպեսզի անցումային պարտադիրը վերածվի կամավորի:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի կարծիքով՝ մի կողմից կառավարությունն ասում է, որ ուզում է պարտադիրը հանել, բայց մյուս կողմից բյուջեն ձեռքը պարզած  սպասում է այդ գումարներին, բացի այդ, միջազգային ֆոնդերի առաջ կա պարտավորություն։

ՀՀԿ-ից Վարդան Այվազյանը տարակուսանք հայտնեց, թե ինչու են ընդդիմադիրները հայտարարում, որ դեմ կամ ձենպահ են քվեարկելու, եթե այս նախագծով կառավարությունը 21 միլիարդ ներդրում է կատարում, դադարեցնում է տույժ-տուգանքները, պարտադիրը վերածվում է կամավորի և այլն: «Սա նշանակում է, որ ինչքան վատ, այնքան՝ լավ»,-եզրակացրեց հանրապետական պատգամավորը:

 

Անկախ

Tags: , ,