Թեհրանում անցկացվող ամենամյա «Իրանի ռազմական ձեռքբերումներ» ցուցահանդեսում ներկայացված են «Հորմուզ-1» և «Հորմուզ-2» հականավային հրթիռները:
Չնայած, որ դեռևս այս հրթիռների ճշգրիտ բնութագրերը հրապարակված չեն, փորձագետները կարծում են, որ դրանք գերազանցում են նախկինում եղած զինատեսակներին:
Հիշյալ հականավային հրթիռներից բացի, ցուցահանդեսում ներկայացվում են նաև «Զելզալ», «Ֆաջր-5», «Ռաադ 301» տեսակի բալիստիկական հրթիռներ և «Յա Ալի» թևավոր հրթիռներ:
Իրանի պահակազորի հրամանատարությունը հանրությանը ցուցադրել է նաև ամերիկյան անօդաչու հետախուզական «RQ-170» ինքնաթիռի ճիշտ կրկնօրինակը, որի ստեղծման մասին հայտնի էր դարձել դեռևս անցած տարվա աշնանը:
Ցուցադրությանը ներկայացված են Իրանում պատրաստված «Շահեդ- 129» և «Շահեդ- 125» անօդաչու սարքերը:
«Ներկայումս Իրանի զինված ուժերն ի վիճակի են դիմագրավել երկրի անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգի: Երկրի նավատորմի հզորացումն Իրանի պաշտպանության նախարարության գերխնդիրներից է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Հոսեին Դեհղանը:
Նա նաև տեղեկացրել է, որ Իրանի ռազմածովային ուժերը կառուցում են ամերիկյան «Նիմից» տեսակի ավիակրի կրկնօրինակը` զորավարժություններում որպես թիրախ օգտագործելու համար։
«Հայրենական արտադրության նոր սուզանավերն արդեն շարք են մտնելու առաջիկա ամիսներին»,- հավելել է Դեհղանը:
Տեղեկացնենք նաև, որ ցուցահանդեսը դիտելու են եկել Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում նաև Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Մասնավորոպես,Խամենեին հետաքարքրել են Իրանում արտադրված ռադարային համակարգերը, ՀՀՊ համալիրները, հականավային հրթիռները և այլ սպառազինությունները:
«Իրանն ընդունակ է շարժվել զարգացման և առաջընթացի ճանապարհով` չնայած երկրի դեմ կիրառվող պատժամիջոցների»,- այցի ընթացքում ասել է Իրանի հոգևոր առաջնորդը:
Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Tags: Իրանի ՊՆ, նավատորմ