«Հայակ» կինոփառատոնի նախագահ, Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը մրցանակաբաշխությանն ընդառաջ հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ այս տարի ազգային կինոյի «Հայակ» մրցանակաբաշխությանը ներկայացվել է 80 ֆիլմ:
Գևորգ Գևորգյանն ընդգծեց, որ մեծ տարբերություն կա փառատոնի և մրցանակաբաշխության միջև և սխալ է «Հայակ»-ը փառատոն անվանելը:
«Օրինակ` փառատոնին կարող են մասնակցել տարբեր երկրների ներկայացուցիչներ իրենց գործերով: Ի տարբերություն փառատոնի, մրցույթն արժևորում է տվյալ երկրի արվեստագետների աշխատանքը»,- ասաց նա` հավելելով, որ այս մրցույթը լավագույն գնահատականն է և տոնը կինո արարող մարդկանց համար:
Գևորգ Գևորգյանը նշեց, որ «Հայակ»-ն այս տարի լի է անակնկալներով և նոր անվանակարգերով: Այս տարի մրցանակաբաշխությունն իրականացվում է «Աֆինա Պալադա» ընկերության շնորհիվ: Ընկերության նախագահ Հայկ Մաղաքելյանն ընդգծեց, որ իրենք շատ ուրախ են փառատոնին աջակցելու համար:
«Հայակ»-ի ժյուրի նախագահ, կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Էդգար Բաղդասարյանը «Հայակ» մրցանակաբաշխությունը շատ բարձր գնահատեց` նշելով, որ «Հայակ»-ը պրոֆեսիոնալ մրցանակ է:
«Այստեղ մրցանակի արժանանալու և գնահատվելու կարևորագույն պայմանն այն է, որ ֆիլմը, ռեժիսորը կամ դերասանն իսկապես տաղանդավոր լինեն: Հետաքրքիր մրցանակաբաշխություն է լինելու: Հանդիսատեսի դատին են ներկայացվելու 1911թ. Էջմիածնում նկարահանված կադրեր, ինչպես նաև 1988թ. նկարված 3 րոպեանոց նյութ, որում խոսում է Սերգեյ Փարաջանովը»,-ասաց նա:
Մրցանակաբաշխության կազմակերպիչներն ընդգծեցին, որ «Հայակ»-ը կարող է գոյատևել միայն այն պայմանով, եթե մարդիկ հավատան, որ օբյեկտիվ գնահատական է տրվելու իրենց գործունեությանը:
Tags: «Հայակ» կինոփառատոն, մրցանակաբաշխության հաղթող
