Երեկ երեկոյան Թուրքիայի Մանիսա քաղաքի Սոմա շրջանի ածխի հանքահորում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով վերջին տվյալների համաձայն 201 մարդ է զոհվել, 80 հոգի տարբեր տեսակի վնաստածքներ են ստացել: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը վաղ առավոտյան եկել է դեպքի վայր: Նրա հայտարարության համաձայն՝ հանքահորում դեռևս մոտ 400-ից ավել աշխատող է մնացել և մտավախություն կա նրանց կյանքի համար:
Հանքահոր մտած առաջին փրկարարները հայտնել են, որ բոլոր աշխատողները ապահովագրված են, նրանք ունեն համապատասխան հանդերձանք և շնչելու համար դիմակներ, սակայն պարզ չէ, թե թթվածինը ինչքան ժամանակ դեռ կհերիքի: Ամենից վատ վիճակում գտնվում են հանքափորների հարազատները, որոնց մի մասը ողբում է զոհվածների համար, իսկ մյուսները տանջալի սպասման մեջ են՝ չիմանալով իրենց մտերիմների ճակատագրերը:
Թուրքական լրատվականների հաղորդմամբ՝ Ալպ Գյուրքանին պատկանող Սոմա Հոլդինգի հանքափորում տեղի ունեցած աղետը վերջին 10 տարում ամենախոշոր դեպքն է երկրում: Քաղաքացիները շտապել են մեղադրել ընկերությանը նախազգուշական թերի միջոցառումներ իրականացնելու, հանքափորներին չափից շատ աշխատեցնելու մեջ: Հայտնի է, որ այսօր Մանիսա են գալու նաև Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլն ու վարչապետ Թայիփ Էրդողանը:
Tags: հանքափոր, պայթյուն
