Ղանդիլյանի,Սուքիասյանի սպանությունների համար դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը շարունակում է դժգոհել.Փաստինֆո

բանդաՍպանությունների, զինված բանդայի կազմավորման համար մահապատժի փոխարեն ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը երեկվանից հացադուլ է սկսել, նա այդ կերպ բողոքում է, որ չի վերանայվում իր գործը:
Ինչպես «Փաստինֆո» թղթակցին հայտնեց ՀՀ  ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը, ներկայումս աշխատանքներ են տարվում` համոզելու դատապարտյալին դադարեցնել հացադուլը:
Ինչո՞ւմ է մեղադրվել, ապա նաև դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով հանցավոր ճանաչվել Արմեն Տեր-Սահակյանը:
Նշենք, որ մեղադրանքի առանցքում է ՀՀ ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը: Նրա մասով Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Տ. Պետրոսյանի 31.03.2009 թ.  որոշմամբ քրեական գործի վարույթը կասեցվել է՝ մինչև ամբաստանյալին հայտնաբերելը (Վանո Սիրադեղյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում 2000 թ. ապրիլի 6-ի որոշմամբ):
Ըստ ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքի՝ նա 1992թ. ամռանը Արմեն Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է ՀՀ ՆԳՆ համակարգ ու ապահովել ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները:
Նախարարի ցուցումով՝ 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում՝ որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են «Մակարով» տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են «նախարարի թիկնապահներ»:
Ապա ավելի ուշ Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ ամբողջ կազմով, ընդգրկվել է ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով ստեղծել «հետախուզական խումբ» անվանումով ապօրինի կառույց, որը ենթարկվել է անձամբ Վանո Սիրադեղյանին:
Ըստ գործի նյութերի՝ զոհերից մեկի՝ Համբարձում Ղանդիլյանի սպանությունը կազմակերպելու նպատակով երկու ավտոմեքենաներ հափշտակելու համար բանդայի անդամները «բռնվել են», սակայն ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի միջամտությամբ, հանցավոր խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին:
Բանդայի կողմից կատարված սպանություններն ու սպանության փորձը, ըստ գործի նյութերի, կատարվել է նախարար Վ.Սիրադեղյանի հանձնարարությամբ:
Բոլոր սպանություններն ու սպանության փորձը կատարվել են նույն եղանակով, բանդայի անդամները հափշտակված մեքենաներով դարանակալել են  իրենց զոհերին, ապա ավտոմեքենաների միջից ինքնաձիգներից  արձակված դիմակար կրակահերթով  գնդակոծել տուժողների ավտոմեքենաները:
Այսպես, 1992թ. սեպտեմբերի 18-ին այդ եղանակով սպանվել են Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանը և նրա վարորդ Վարուժան Աբրահամյանը, 1993թ. մայիսի 3-ին՝ ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանը, ուղևոր Ժորա Իսահակյանը, վարորդ Հակոբ Ունիկյանը:
Իսկ ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին սպանելու՝ Վ.Սիրադեղյանի հանձնարարությունը բանդան ձախողել է:
Վ.Գրիգորյանը բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարն է եղել:

Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:

Անկախ

Tags: ,