Գաղափարն ինքին լավն էր, բայց պարտադիր աուդիտն իրեն չարդարացրեց. Նաիրա Զոհրաբյան

նաիրա զոհրաբյանԱժ-ում շարունակվում են ”Հաշվապահական հաշվառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագծի քննարկումները: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կարծում  է, որ այս նախագծի՝ ԱԺ բերվելու պահին ՛՛նպատակը բարի էր՛՛, սակայն եղավ այն, ինչ եղավ:

՛՛Երբ նախագիծը բերվում էր, պարտադիր աուդիտի հիմնական մեխը, հիմնական մոտիվացիան այն էր, որ ապահովելու է թափանցիկություն, սակայն արդյունքում ունեցանք այն, որ տնտեսվարողները միլիոնավոր դրամներ վճարեցին մի թղթի համար, որն  որևէ իրավական ուժ չունի: Աուդիտի լիցենզիա ստացան շատ որոշակի անձանց հետ փոխկապակցված կազմակերպություններ: Պարտադիր աուդիտն իրեն չարդարացրեց: Վերցնել մի որևէ թուղթ և այնուհետև ասել՝ գիտեք՝ ես իմ գրածի համար որևէ պատասխանատվություն չեմ կրում, դա աբսուրդ է: Այո, գաղափարն ինքին լավն էր, բայց, քանի որ մենք տեսանք, թե այն ինչի վերածվեց, տեսանք, թե շատ արագ ում համար, ինչի համար ծառայեց, տեսանք, թե որ կազմակերպությունները հանկարծ դարձան այդ աուդիտորական իրավունք ստացողները, բոլորիս համար պարզ դարձավ այդ ինստիտուտի իրական նպատակը՛՛, – ասաց Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ ԲՀԿ-ն այս հարցն այսօր քննարկել է խմբակցությունում և եկել եզրակացության, թե պարտադիր աուդիտը պետք է հանվի:

՛՛Այժմ պատրաստում ենք նոր օրենքի նախագիծ, որը կքննարկենք քառյակի մեր գործընկերների և բոլոր այն քաղաքական ուժերի հետ, ովքեր կցանկանան  ստեղծել իրական իրավական պատասխանատվություն ենթադրող աուդիտի մեխանիզմ՛՛, – եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Tags: ,