Human Rights Watch-ը կրկին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

3Ադրբեջանը, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահությունը ստանձնելով, այդ կազմակերպության առջև մարդու իրավունքների ոլորտում ստանձնած պարտավորությունները լրջորեն չի կատարում։ Այս մասին ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում։

“Եվրոպայի խորհուրդը մարդու իրավունքների ոլորտում առաջատար կազմակերպություն է, սակայն Ադրբեջանը, նախագահությունը ստանձնելով, բացահայտորեն անտեսում է դրա չափանիշները”,- հայտարարել է Հարավային Կովկասի հարցերով Human Rights Watch-ի գլխավոր հետազոտող Գեորգի Գոգիան, տեղեկացնում է “Հագին” կայքը:

“ԵԽ-ն պետք է Ադրբեջանի ղեկավարությանը հստակ հասկացնի, որ անհրաժեշտ է ազատ արձակել կառավարությանը քննադատելու համար անարդարացի կերպով ազատազրկվածներին և խոր բարեփոխումներ իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում”,- նշել է Գեորգի Գոգիան:

Զեկույցում նշված է, որ վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները սպառնացել կամ կեղծ մեղադրանքներով քրեական հետապնդում են իրականացրել առնվազն 38 քաղաքական ակտիվիստի, լրագրողի, բլոգերի հանդեպ, և նրանցից շատերն այժմ էլ կալանքի տակ են:

Քրեական հետապնդումները տեղի են ունենում բազմաթիվ խախտումներով, և կասկածի տեղ չեն թողնում, որ այդ քննադատների դեմ մեղադրանքները սարքված են, և նրանց ակտիվությունն ու իշխանությունների հանդեպ քննադատությունը պատժելու նպատակ ունեն։

Զեկույցում ընդգծվում է, որ 2001թ.-ի ԵԽ-ին անդամակցելով՝ Ադրբեջանը պարտավորություն է ստանձնել ազատ արձակել քաղբանտարկյալներին և դադարեցնել ճնշումները կառավարության քննադատների հանդեպ։ 2013թ.-ի հունվարին ընդունված ԵԽԽՎ բանաձևը ևս Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում վերանայել կասկածելի մեղադրանքներով հարուցված քրեական գործերը։

Չնայած դրան՝ Human Rights Watch կազմակերպության կարծիքով՝ իրավիճակն Ադրբեջանում միայն վատթարացել է։

Tags: ,