Հանրային խորհուրդը հանդիպելու է ՍԴ նախագահի հետ` քննարկելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը

ՀԽ-նիստՀանրային խորհուրդը նախատեսում է Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի հետ քննարկել Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը, որից հետո խորհուրդը կներկայացնի իր վերջնական տեսակետը:

Ինչպես տեղեկանում ենք խորհրդի պաշտոնական կայքէջից, մայիսի 14-ին տեղի ունեցած ՀԽ փոքր խորհրդի նիստում քննարկվել է այս հարցը:

ՀԽ անդամներն առաջ են քաշել հետևյալ հարցերը`

1. Ի՞նչ նոր խնդիրներ է իր առջև դնում Հայաստանը, որի համար անհրաժեշտություն է առաջացել փոխել Սահմանադրությունը:
2. Ինչո՞վ է պատճառաբանված անցումը կիսանախագահական համակարգից խորհրդարանական համակարգի: Ի՞նչ առավելություններ ու ի՞նչ թերություններ են սպասվում կառավարան համակարգը փոխելու դեպքում:
3. Ինչո՞վ է պատճառաբանված դատական համակարգը եռաստիճանից երկաստիճան դարձնելը: Սահմանադրական դատարանը մասամբ վերցնելո՞ւ է իր վրա վճռաբեկ դատարանի դերը:
4. Ազգային ժողովի ընտրությունների սկզբունքը` մեծամասնակա՞ն, թե՞ համամասնական:
5. Ինչո՞ւ նախատեսված չէ երկքաղաքացիություն ունեցող և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող քաղաքացիների` Ազգային Ժողովում ընտրվելու իրավունքը, որը գործում է մի շարք երկրներում (Իտալիա, Հունգարիա և այլն):
6. Հարցեր` կապված տարածքային կառավարման մարմինների հետ:

ՀԽ անդամները քննարկել են նաև «կարմիր գծերի» հարցը: Առաջարկվել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կնախապատրաստի հարցերի շրջանակ հասարակական լայն քննարկումների համար: Ներկաները խնդրահարույց են համարել հատկապես 3 հարց, որոնք վերաբերում են ավտոկանգառների սպասարկման տեխնիկական միջոցներին, տուգանքներ չվճարելու դեպքում առանց դատարանի որոշման բանկային հաշիվների սառեցմանը, ինչը ներկաներից շատերը համարել են հակասահմանադրական, և վերջապես` եկամուտների 30-70 տոկոս համամասնությանը` հօգուտ մասնավոր ընկերության:

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել ՀԽ անդամներ Արմեն Տեր-Տաճատյանն ու Հովիկ Մուսայելյանը:

Քննարկվել է նաև ՀՀ կառավարության կողմից առաջարկված հակակոռուպցիոն մարմին ստեղծելու հարցը:

ՀԽ անդամ Կարինե Դանիելյանին առաջարկվել է ստուգել, թե ինչ նոր կառուցապատում է ընթանում Սարյան-Բաղրամյան խաչմերուկի այգում:

 

Անկախ

Tags: , ,