Կարկուտը ծեծած տեղն է միշտ ծեծում

չինարիՆախօրեին առատ տեղացած կարկուտը մեծ վնասներ է հասցրել Տավուշի մարզի մի շարք գյուղերի այգիներին ու ցանքատարածություններին: Մոտ տասը րոպե տեղացած կարկուտը վնասել է սահմանամերձ Չինարիի, Այգեձորի, Արծվաբերդի ու Չորաթանի խաղողի այգիները, նոր սածիլած բանջար-բոստանային մշակաբույսերը, խաղողի այգիները, խնձորի, տանձի, դեղձի ծաղկած ծառերը: Չինարիի բնակիչ, Տավուշի ԳԱՄԿ-ի խորհրդատու Վանիկ Ոսկանյանը Անկախի թղթակցին հայտնել է, որ տուժել են հատկապես Չինարին, Այգեձորն ու Արծվաբերդը: Կարկուտի մեծ ու փոքր հարվածները գետնին են հավասարեցրել խաղողի այգիները: ՙՙՄատղաշ շիվերի աճման շրջանն է, կարկուտը վնասել է խաղողը, պտուղը, նոր սածիլած պտուղ-բանջարեղենը: Դե սածիլները նորից կշարեն, բայց ահա խաղողն ու բազմամյա տնկարքները ահագին վնաս են կրել: Տեղեր կան, որ կորուստը հարյուր տոկոսով է, որտեղ կարկուտի հատիկները փոքր են եղել, այդտեղից բերք դեռևս կարելի է ակնկալել՚՚,-ասել է գյուղատնտես-խորհրդատուն: Նա նաև տեղեկացրել է, որ վաղը գյուղում սպասում են Տավուշի մարզպետարանում ստեղծված հանձնաժողովի անդաներին, ԳԱՄԿ-ի մասնագետներին, որոնք կհաշվեն Չինարիում կարկուտի հետևանքով վնասի չափերը: Չինարի կգնան նաև Արարատի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի մասնագետները: Նշեմ, որ կոնյակի գործարանի հետ չինարեցի խաղողագործները պայմանագրեր ունեն կնքած:

Անկախ

Tags: ,