«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի լրամշակված նախագիծն ընդունվեց

Ազգային-ժողով“Կուտակային կենսաթոշակների մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց 67 կողմ, 18 դեմ, 29 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Մինչ այդ, վարման կարգի վերաբերյալ ելույթ ունենալով, ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը հետաքրքրվեց, թե ինչ եղավ իրենց առաջարկի վերաբերյալ կառավարության դիրքորոշումը, քանի որ դրանից է կախված իրենց քվեարկությունը:

“Սոցապ. նախարարը ներկայացրեց, որ տեխնիկական պատճառներով չեն հասցրել քննարկել մեր առաջարկը և քվերակությունից առաջ կներկայացնեն կառավարության մոտեցումը մեր առաջարկի հետ կապված: Հիմա մեր առաջարկն ընդունվե՞լ է, թե ոչ”,-հարցրեց պատգամավորը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ չի ընդունվել՝ խոսքը փոխանցելով Հակոբ Հակոբյանին: Վերջինս էլ հավաստեց, որ ՕԵԿ-ի առաջարկը չի ընդունվել:

“Այդ դեպքում, մենք դեմ ենք քվեարկելու նախագծին”,-հայտարարեց Հովհաննես Մարգարյանը:

Նշենք, որ ՕԵԿ-ն առաջարկել էր, որ գործատուն կուտակային վճարներ հաշվարկի այն աշխատակցից, ով դիմում է ներկայացնում կուտակային վճարներ կատարելու համար:

Մյուս դեմ քվեարկածները ՀԱԿ-ն ու Ժառանգությունն են, իսկ ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ն քվեարկել են ձեռնպահ:

Հիշեցնենք, որ այս նախագծով ամրագրվում է, որ վարձու աշխատողների ու պայմանագրային եկամուտ ստացողների կենսաթոշակային վճարները չեն հաշվարկվում, եթե մասնակիցներն առձեռն կամ փոստային առաքմամբ իրենց վերադասին են ներկայացնում համապատասխան դիմում:

Գործատուն դիմումի առկայության դեպքում պարտավոր է չհաշվարկել և չփոխանցել աշխատողի գումարները: Իսկ եթե հաշվարկված է և փոխանցված չէ, ապա պետք է հնարավորություն ստեղծվի գումարները վերադարձնելու: Ինչ վերաբերում է հաշվարկված և փոխանցված գումարներին, ապա համակարգի իրավական անվտանգությունից ելնելով՝ գործում է ՍԴ որոշման՝ մինչև սեպտեմբերի 30-ի դրույթը: Այսինքն, այդ գումարների մասով խնդիրը մինչև սեպտեմբերի 30 չի լուծվում:

Խորհրդարանը վավերացրեց նաև արտահերթ նիստի օրակարգում գտնվող այլ նախագծեր ևս՝ այդ թվում կառավարությա կողմից ներկայացված «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը, որն առաջին ընթերցմամբ ընդունվեց ձայների 69 կողմ, 3 դեմ, 40 ձեռնպահ հարաբերակցությամբ:

 

Անկախ 

Tags: , ,