Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ կառավարությունը ցանկանում է օրինական երանգ տալ կոռուպցիոն երևույթները քողարկելուն

Ազգային ժողովում շարունակվում են ՛՛Պետական գնումների մասին՛՛ և “Պետական ու ծառայողական գաղտնիքի մասին” ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փոթեթների քննարկումները: Ընդդիմադիր պատգամավորներն անհանգստացած են՝ գտնում են, որ այս փոփոխությամբ կառավարությունը ցանկանում է օրինական երանգ տալ կոռուպցիոն երևույթները քողարկելուն, քանի որ փոփոխություններով նախատեսվում է պետական պահպանության ենթակա անձանց սպասարկման ծախսերն իրականացնել գաղտնիության պամաններում:

նաիրա զոհրաբյանՆախագծի մասին խոսելիս ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հիշեց նախկին վարչապետին. ՛՛Նախկին վարչապետը ինքնաթիռներով մեկնում էր այլ երկրներ՝ հարկատուների հաշվին և այդ ծախսերը չէին երևում: Այդ ծախսերը չպետք է գաղտնի լինեն: Ծախսեր են անում գաղտնի գրիֆի տակ, սա անընդունելի է, սա պետք է հանրությանը հայտնի լինի»:

լևոն զուրաբյանՊատգամավոր Լևոն Զուրաբյանը մտքերի փոխանակության իր հերթին նկատեց, որ շատ ժողովրդավար երկրների նախարարներ կամ վարչապետեր հրաժարական են տվել հենց անհիմն ծախսերի բացահայտման արդյունքում. ՛՛Սրա կողքին մենք քննարկում ենք նախագիծ, որը նպատակ ունի քողարկել ծախսերը հարկատուներից` ՀՀ քաղաքացիներից, գաղտնիության շղարշի տակ չարաշահումներ եւ կոռուպցիոն գործարքներ անել: Սա նշանակում է մեկ բան, որ մեր երկրում կոռուպցիան պահպանվում է պետության կողմից», – ասաց Լևոն Զուրաբյանը:

բիշարյան հեղինե“Օրինաց երկիր” խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի համար ևս անընդունելի է օրենքի այս նախագիծը. ՛՛Ես չեմ հասկանում, թե ինչի համար է սա արվում: Ի՞նչ է փոխվել: Մենք երբեք չենք կենտրոնացել մեր ղեկավար մարմինների ծախսերի վրա: Լրատվամիջոցներն են երբեմն անդրադարձել դրանց, սակայն սա նորմալ է, ես չեմ կարծում, որ հիմքեր կան նման նախագիծ բերել և արտահերթ, հրատապ ռեժիմով քննարկել… Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին՝ համարելով, որ շատ ավելի կարևոր օրենքներ կան, որ մենք պետք է քննարկենք և ընդունենք, քան այս նախագիծը, որը, չգիտես ինչու, բերվել ու քննարկվում է արտահերթ ռեժիմով՛՛, – եզրափակեց Հեղինե Բիշարյանը:

 Անկախ

Tags: , , ,