Ադրբեջանում ձերբակալվել են ֆրանսիացի երկու լրագրողներ

3Մայիսի 14-ին Բաքվի օդանավակայանում ձերբակալվել են ֆրանսիացի երկու լրագրողներ Լորան Ռիչարդը և Էմանուել Բաչը: Վերջիններս Բաքու էին եկել՝ լուսաբանելու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

Լրագրողներից առգրավվել են նկարհանված նյութերը և նկարահանող սարքերը: Չնայած լրագրողների առարկություներին՝ նրանց հարկադիր նստեցրել են Ֆրանսիա մեկնող ինքնաթիռ:

Օլանդի այցից հետո Ֆրանսիացի լրագրողները որոշել էին Ադրբեջանում մնալ ևս երկու օր:

Ֆրանսիացի հայտնի հետաքննող լրագրող Բենուս Բրինգերը “Ազատություն” ռադիոկայանի ադրբեջնական ծառայության հետ զրույցում նշել է, որ ձերբակալման միակ պատճառը կարող է լինել նկարհանված նյութերի և հարցազրույցների հրապարակման կանխումը: Ըստ Բրինգերի`  լրագրողները մտադիր են եղել Օլանդի այցի ընթացքում լուսաբանել Ադրբեջանում մարդու իրավունքների, տնտեսական կապերի վիճակը:

“Զարմանալի է, որ դա տեղի է ունենում Ադրբեջանի՝ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահության ստանձնման օրը: Եթե այս միջոցով խոչընդոտում են հանրությանը տեղի ունեցողի մասին իրազեկմանը, ապա դա ինքնին ցույց է տալիս՝ ինչպիսին է իրավիճակը երկրում մարդու իրավունքների և ազատ մամուլի ոլորտում: Դա շատ վատ է երկրի հեղինակության համար”,- ասել է Բրինգերը:

Նրա խոսքով՝ միջադեպի մասին տեղեկացրել են  Ֆրանսիայի արտգործնախարարությանը, Ֆրանսիայի դեսպանատանը, համապատասխան այլ կառույցներին և “Լրագրողներ  առանց սահմանների” միջազգային կազմակերպությանը:

Tags: ,