Հայաստանի մանուկներ հիմնադրամն աջակցում է «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի աշխատանքների ընդլայնմանը

Schools for Health in Europe (2)Ս.թ. մայիսի 13-ից 14-ը Հայաստանի մանուկներ հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ և ՀՀ Առողջապահության նախարարության հովանու ներքո գործող «Դպրոցներն առողջության համար» ծրագրի հետ համագործակցությամբ տեղի ունեցավ «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի (Schools for Health in Europe) երրորդ սեմինարը ՀՀ-ում: Ծրագրի նպատակն է ընդլայնել ցանցի աշխատանքները Հայաստանում և խթանել առողջությունը խրախուսող դպրոցների թվի ավելացմանն ու գործունեության ակտիվացմանը:

Դպրոցներում զարգացնել կարողություններ և տրամադրել անհրաժեշտ գործիքներ իրավիճակը ճիշտ գնահատելու, արդյունավետ ծրագրեր մշակելու և ինքնուրույն իրականացնելու համար. սա է առողջ դպրոցի կարևորագույն գաղափարը, որը համահունչ է նաև COAF-ի զարգացման ծրագրերի ընդհանուր գաղափարախոսությանը:

Հայաստանում այս պահին գործում է ինը «Առողջ դպրոց», որից վեցը COAF-ի շահառու դպրոցներն են (ՀՀ Արմավիրի մարզի Լեռնագոգի, Սարդարապատի, Շենիկի, Մյասնիկյանի, Քարակերտի թիվ 1, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի Արտենի համայնքի դպրոցը):  Սեմինարի ընթացքում հնչեցված ՀՀ Առողջապահության նախարարի հրամանի համաձայն՝ ներկայումս գործող ինը առողջ դպրոցներին ավելանում են ևս հինգը (ՀՀ Արմավիրի մարզի Հացիկի, Վանանդի, Գետաշենի, Քարակերտի թիվ 2, ինչպես նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի դպրոցը): Վերջինս թեև չի հանդիսանում COAF-ի շահառու համայնք, սակայն հայտնել է ցանկություն և պատրաստակամություն անդամակցելու Հայաստանի առողջ դպրոցների ցանցին:

Երկօրյա սեմինարի ընթացքում ուսումնասիրվեցին առողջությունը խրախուսող դպրոցների սկզբունքներն ու արժեքները, դիտարկվեցին «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցին անդամակցելու համար անհրաժեշտ նախնական հմտությունները, քայլ առ քայլ քննարկվեցին ապագա մասնակից դպրոցների քաղաքականության մշակման և աշխատանքների հետագա պլանավորման փուլերը:

Եվրոպական փորձը ցույց է տալիս, որ առողջ դպրոցներում աշակերտների շրջանում գրանցվում է ավելի բարձր առաջադիմություն: «Առողջ դպրոց»-ի ստեղծումը համագործակցային գործընթաց է, որին մասնակցող թիրախային խմբերն են դպրոցի ղեկավարությունը, ուսուցիչները, աշակերտները, ծնողները, դպրոցի բուժքույրը և համայնքն ամբողջությամբ: Համայնքում առողջ դպրոցի ներմուծմամբ բոլոր երեխաների և դպրոցի անձնակազմի համար ստեղծվում են հավասար հնարավորություններ՝ օգտվելու կրթական և առողջապահական ծառայություններից:

Առողջ դպրոցը խթանում է միջոցառումներ նախաձեռնելու, փոփոխություններ իրականացնելու և որոշումներ կայացնելու երեխաների հնարավորությունը: Առողջապահական կրթումը ինտեգրված է ուսումնական ամբողջ ծրագրում և դպրոցական առօրյայի բոլոր ոլորտներում: Առողջությունը խրախուսող դպրոցների կարևորագույն տարրերից են նաև առողջ սնուցումն ու ֆիզիկական ակտիվությունը:

2012թ. վերջից COAF-ի առողջապահական ծրագիրը սերտորեն համագործակցում է «Դպրոցներն առողջության համար» Եվրոպական ցանցի հետ: Այս գործընկերության շրջանակներում Հիմնադրամը զեկույցով հանդես եկավ 2013թ. հոկտեմբերին Դանիայի Օդենս քաղաքում կայացած «Դպրոցներն առողջության համար» 4-րդ միջազգային համաժողովին, որը հյուրընկալեր էր 250 մասնակից 30 երկրից: Զեկույցի ընթացքում ներկայացվեց առողջ դպրոցների խրախուսման Հիմնադրամի մոդելը, ներառյալ դպրոցներում ատամների մաքրման կայանների (Brushodrome) կառուցումը, ատամների խնամքի կրթությունն ու անվճար ատամնաբուժական ծառայությունների տրամադրումը, ատամնափուտի կանխարգելման նպատակով կատարվող ատամների ֆտորացումը, դպրոցական առողջ սննդի ծրագիրը, որի շրջանակներում վերանորոգվում են դպրոցական ճաշարանները, և ամենօրյա տաք սնունդ է տրամադրվում տարրական դպրոցի երեխաներին:

Tags: