ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Յան Քելին պատասխանել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի՝ Բաքվի ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակը մինչև նախագծերի դիտորդ իջեցնելու առաջարկին, հաղորդում է ադրբեջանական “Contact.az” կայքը:
Քելին քննադատել է Բաքվի նմանատիպ մոտեցումը: “Մենք կցանկանայինք Ադրբեջանը տեսնել հաջողված, ժողովրդավարական և բարգավաճող ու ինքնիշխան երկիր: Այդ իսկ պատճառով իմ կառավարությունը մտահոգված է Ադրբեջանի իշխանությունների՝ այս տարի տեղի ունեցած բողոքի ցույցերի նկատմամբ արձագանքով, այդ թվում՝ ընդդիմադիր գործիչների ձերբակալությամբ, ինչպես նաև “Ազատ մտքի համալսարանի” փակմամբ”,-ասել է Քելին: Նրա խոսքով՝ Ադրբեջանը կկարողանա որպես ժողովրդավարական ազգ առաջ շարժվել օրենքի գերակայության, ինչպես նաև բոլոր հիմնարար ազատությունների հարգման միջոցով:
“ԱՄՆ-ը իր լիակատար աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ-ի՝ Բաքվում գտնվող ներկայիս գրասենյակի կարգավիճակին և լիահույս է, որ Ադրբեջանը կապահովի ԵԱՀԿ-ի հուսալի ներկայությունը`բոլոր ուղղություններով աշխատանք իրականացնելու համար: Մենք վճռականորեն կոչ ենք անում Ադրբեջանին կառուցվածքային երկխոսություն սկսել ԵԱՀԿ-ի հետ՝ Բաքվի կողմից բարձրացված խնդիրներին լուծում տալու համար”,- ասվում է դեսպանի հայտարարության մեջ:
Դեսպանը նշել է, որ իրենք ակնկալում են, որ Բաքուն նախագահական ընտրությոնենրում դիտորդական առաքելություն իրականացնելու համար հրավեր կուղարկի նաև ԵԱՀԿ-ին:
Հիշեցնենք, որ Մամեդյարովը ԵԱՀԿ գրասենյակի կարգավիճակի իջեցման մասին դիմում էր ներկայացրել մարտի 18-ին: Ադրբեջանի արտգործնախարարը նման առաջարկը պայմանավորել էր միջազգային իրադրության փոփոխմամբ և Ադրբեջանի նվաճումներեով:
Tags: ադրբեջան
