Այսօր Երևանում կբացվի «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության» խորագրով հայ և թուրք կանանց նկարների, լուսանկարների ցուցահանդեսը

cucahandes«Հասարակություն Առանց Բռնության» ՀԿ-ի նախաձեռնությամբ այսօր «Ներկայ» արվեստների կառավարման և ստեղծարարության կենտրոնում տեղի կունենա «Կանայք հանուն հակամարտությունների լուծման և խաղաղության»  ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը կազմակերպվել է   «Հայ և թուրք երիտասարդ կանայք հանուն հարատև խաղաղության վերականգնման արվեստի և երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում: Ծրագրի նպատակն է լուսաբանել հայ և թուրք կանանց դերը որպես խաղաղություն կառուցողներ, ինչպես նաև արվեստի ու երկխոսության միջոցով ամրապնդել երկու հասարակությունների միջև վստահությունն ու համագործակցությունը:

Ցուցահանդեսին  ներկայացված են  լինելու  հայ և թուրք կանանց լուսանկարներ և նկարներ, որոնք արտահայտում են հակամարտությունների լուծման և խաղաղության հաստատման գործընթացում կանանց դերի վերաբերյալ մասնակիցների մեկնաբանությունը կտավի կամ լուսանկարչական ապարատի միջոցով:

Տասնօրյա ցուցահանդեսի ընթացքում այցելուների քվեարկությամբ կընտրվեն 2 լավագույն նկարները: Երեք մասնագետներից բաղկացած հանձնաժողովը ևս կգնահատի ցուցահանդեսում ներկայացված աշխատանքները՝ նախօրոք մանրակրկիտ ուսումնասիրելով դրանք: Վերջնական որոշումը կընդունվի երկու գնահատումների համադրման արդյունքում: Լավագույն աշխատանքների հեղինակները կստանան խրախուսիչ մրցանակներ:

Ցուցահանդեսից հետո մասնակից կանայք կհանդիպեն Վրաստանում և կքննարկեն խաղաղության մասին իրենց պատկերացումները: Նրանք կփորձեն երկու երկրների միջև առկա խնդիրները դիտարկել կանանց տեսանկյունից և հանդես կգան «խաղաղության կոչով»:

Tags: ,