“Միջազգային բակալավրիատը”` ազգային համակարգի բաղադրիչ

arm-6730-IMG_0041ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության Աֆրիկայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի զարգացման և ճանաչման պատասխանատու Ակե Սորմանին, ով Հայաստանում է`  մասնակցելու Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Նիդեռլանդների Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում “Միջազգային բակալավրիատ” կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքի հետ հարցեր, մասնավորապես, ՀՀ-ում “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ավարտական վկայականի ճանաչման, հանրակրթական ուսումնական հաստատություններում միջազգային բակալավրիատի կրթական ծրագրի ներդրման, ինչպես նաև հայաստանյան կրթական ծրագրերի հետ համադրման հարցեր:  “Միջազգային բակալավրիատի բրենդն ինքնին ենթադրում է կրթության բարձր որակ: Մեզ համար կարևոր է ներդնել այդ հաջողված փորձը մեր կրթական համակարգում, և որ այն դառնա մեր ազգային համակարգի բաղադրիչը”,-նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ ընդհանուր առմամբ` կրթության որակի և ծրագրային խնդիրներ չկան: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տարրական կրթության միջազգային բակալավրիատի ծրագրի` հայերենով ուսուցման հնարավորությանը, որը ըստ նախարարի, կարող է հանդիսանալ լավ մեկնարկ` ծրագրի համար: Խոսվել է նաև վերոնշյալ ծրագրերում մանկավարժական բուհերի  ներառման հնարավորության մասին: Նշենք, որ “Միջազգային բակալավրիատ” կազմակերպությունը կօժանդակի ՀՀ “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագիրն իրականացնող կրթական հաստատություններին` տրամադրելով ուսումնական նյութեր և կազմակերպելով դասավանդողների փորձի փոխանակումներ: ԿԳ նախարարությունը կապահովի համապատասխան կրթական հաստատությունների ակտիվ մասնակցությունը` “Միջազգային բակալավրիատի դիպլոմ” ծրագրին: Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի այլ դպրոցների ուսուցիչների մասնագիտական կարողությունների զարգացմանը և վերապատրաստումների կազմակերպմանը:

Tags: