Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում. Թևան Պողոսյան

թևան«Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտ են Հայաստանում: Պետք է այնպիսի օրիգինալ լուծում մշակել, որ մարդիկ, ստանալով թոշակը, չծիծաղեն: Փոփոխությունները պետք է անել տարբեր մեխանիզմներով և սցենարներով», -այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը` անդրադառնալով  Կուտակային կենսաթոշակների մասին օրենքի լրամշակված նախագծին:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կատարված փոփոխություններին խմբակցության հավանություն չտալը նա բացատրեց նրանով, որ տրամաբանական կլիներ ծախսել ավելի քիչ ռեսուրսներ պարտադիր հիմնադրամներ ընտրելուց հրաժարվողների դիմումների գրման և ընդունման վրա: «Մարդիկ հոգնում են համակարգից հրաժարվելու հայտարարություններ գրելով, բանը կհասնի նրան, որ կառավարությունը կհայտարարի, թե բնակչությունն ուզում է մասնակցել դրան: Եթե մենք ուզում ենք խնդրի լուծում գտնել, չի կարելի ղեկավարվել ժամանակի կեղծ շահումով»,- ասաց նա, հավելելով. «Մենք պետք է հասկանանք, որ հարկեր ենք տալիս պետությանը` նրանից ակնկալելով համապատասխան ծառայություններ»:

Ըստ պատգամավորի` գլխավորն այն է, որ մարդիկ հասկանան այդ անհրաժեշտությունը: Մենք ինքներս պետք է գիտակցենք, որ «պարտադիրը» ձևավորում է վարքը. մարդիկ չեն սիրում դրան հետևելով կուտակել: Կուտակում են այն մարդիկ, ովքեր չգիտեն ինչ անել ավելորդ գումարի հետ:

Թևան Պողոսյանը նշեց, որ հին օրենքը ուներ բազում խնդիրներ. այն լուծում չէր տալիս հղի կանանց խնդրին, ովքեր ամեն ամիս գումար չեն ստանում. «Հարց է առաջանում` ինչպես պետք է նրանք կուտակեն: Կամ վտանգավոր աշխատանք կատարող մարդիկ, ովքեր ավելի վաղ են թոշակի անցնում: Այսպիսի խնդիրներ են, որ պետք է քննարկվեն և պետք չէ միայն մեկ սցենար մտածել. Դրանք կարող են լինել տարբեր, քանի որ յուրաքանչյուր մարդ ունի իր պատկերացումը և կյանքի իր ճանապարհը», -ասաց Պողոսյանը:

Անկախ

Tags: ,