Կրթության խնդիրները թողած` իրար մի լավ «կուտ տվեցին»

ԱԺԱԺ-ում ընթանում են ՛՛Կրթության՛՛ և ՛՛Հանրակրթության՛՛ մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին՝ մեղադրելով վերջինիս կրթական ոլորտը կուսակցականացնելու մեջ:

Նիկոլ Փաշինյանին մասնավորապես մտահոգել էր երեկ ԵՊՏՀ Գյումրիի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպը, երբ ահազանգ էր եղել, որ ուսխորհրդի նախագահ է ուզում դառնալ ՀՀԿ անդամը:

Արմեն Աշոտյանը նկատեց, որ հարցը չի առնչվում բուն թեմային, բայց ասաց, որ կպատասխանի թեմայից դուրս հարցին երկու պատճառով. քանի որ ընդգծված ջերմ վերաբերմունք ունի Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուղու նկատմամբ և որ նա առաջինն էր հերթագրվել. ՛՛Ուղղակի զավեշտ է այն, որ ինձ մեղադրում եք բուհերը հանրապետականացնելու մեջ, մյուս կողմից խնդրում եք կանխել պրոցեսը: Կողմնորոշվեք՝ ես ո՞ր դերում եմ: Ես չեմ կարծում, որ նախարարը պետք է խառնվի ինչ-որ բուհի մասնաճյուղի ներքին գործերին: Ի՞նչ է նշանակում՝ եթե ուսխորհրդի նախագահը ՀՀԿ-ական է, ուրեմն չպետք է մասնակցի ընտրության: Սրանից ավելի հակալիբերալիստական քայլ ու դիսկրիմինացիա էլ ո՞նց է լինում: Ուսանողներ են, ունեն տարբեր քաղաքական հայացքներ՛՛, -ասաց Արմեն Աշոտյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. ՛՛Ես ձեզանից ու ձեր իշխանություններից ոչինչ չեմ ուզում: Կասեցրեք ձեր ուսանողական բանդաների քայլերը, հակառակ դեպքում քաղաքացիները դա կանեն իրենց հասու մեթոդներով: Ես դա ձեզ զգուշացնում եմ, հետո չասեք, թե չեմ զգուշացրել՛՛:

Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ինքը ոչ մեկի զգուշացումների կարիքը չունի, ավելին, որ արգելում է կրթական համակարգի մասին խոսել քողարկված սպառնալիքների լեզվով. ՛՛Մեր խոսակցության այս տոնը հարիր չէ ոչ ձեզ՝ որպես խոստումնալից քաղաքական գործչի, ոչ էլ ինձ՝ որպես նախարարի: Զարմանում եմ, որ դուք, լուրջ մարդ լինելով, ներողություն՛ փոքր բանից մեծ լրահոս եք դարձնում: Կրթության ոլորտում այնքան լուրջ խնդիրներ կան, որ այդ պոտենցիալը կարող եք ուղղել դրանց, քանի որ այդ ձեր նշած խնդիրներն ուսանողներն իրենք կլուծեն: Իսկ բանդաների մասին եկեք չխոսենք, քանի որ ամոթ է, նման բառամթերքով արտահայտված մտքերին չեմ արձագանքի՛՛, – եզրափակեց ԿԳ նախարարը:

ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանն էլ, դիմելով Արմեն Աշոտյանին, ասաց. ՛՛Ձեր գործը կրթությունն է, ոչ թե ՀՀԿ-ի շահերն ու տեսակետները խորհրդարանում կամ Ֆեյսբուքում արտահայտելը: Դրանից կրթությունը տուժում է: Իսկ ես մտահոգ եմ կրթության համար, ոչ թե ՀՀԿ-ի՛՛:

Արմեն Աշոտյանն էլ, թե. ՛՛Չեմ կարող չպատասխանել, եթե չպատասխանեմ այստեղ, Ֆեյսբուքում կգրեմ: Հարգելի պարոն Մանուկյան,երբ ես գալիս եմ այստեղ հարց ներկայացնելու, չկա

գերակայություն, որ պետք է առաջնորդվեմ ՀՀԿ պոստոլատներով: Ես գալիս եմ այստեղ որպես կրթության նախարար: Այդ դուք եք ինձ հիշեցնում, որ ես ՀՀԿ-ական եմ, դուք եք հանրապետականացնում իմ ելույթները, գործունեությունը, դուք եք ամեն  ինչ անում, որ ինձ կրթության խնդիրներից տեղափոխեք քաղաքական դաշտ: Երևի կրթության խնդիրներն այնքան գրավիչ չեն, որքան քաղաքական խնդիրները, բայց մի մեղադրեք, որ ես եմ դա անում: Ես գալիս եմ այստեղ զտարյուն կրթական նախաձեռնություններով, ոչ մի օրենքի տակ չկա քաղաքականություն, դո՛ւք եք ինձ դրդում հանդես գալու քաղաքական տարբեր մեկնաբանություններով՛՛:

Արամ Մանուկյանը հակադարձեց. ՛՛Կառավարության մնացած բոլոր նախարարներն իրար հետ գումարած այնքան ՀՀԿ-ական չեն ներկայանում, ինչքան Դուք: Կրթության նախարարը չպիտի կուսակցական լինի: 500 հազար աշակերտների համակարգում ՀՀԿ նախարարի գործունեությունը հակացուցված է, օրինական է, օրենքը չի արգելում Ձեզ, բայց իմ ասածը մտահոգություն է, իրավունք չունեք կուսակցական գործունեությամբ զբաղվել ու Դուք կուլ եք տալիս այն կուտը, որը Ձեզ տալիս են և ողջ օրը դրա հետ եք կռիվ տալիս՛՛:

Աշոտյանն էլ խոստովանեց. ՛՛Այո, լինում են դեպքեր, երբ ես իմ քաղաքական գործունեության մեջ կուտ եմ ուտում, բայց եթե վերջնահաշվարկ անեմ, ապա կստացվի, որ ես ավելի հաճախ կուտ եմ տվել, քան կուտ եմ կերել՛՛:

 

Անկախ

Tags: , ,