Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը Վարնես քաղաքի “Սպորտ Բոյզ” ֆուտբոլային թիմի հետ պայմանագիր է կնքել, հայտնել է ակումբի նախագահ Մարիո Կրոնենբոլդը:
Համաձայնագրում ասվում է, որ 54-ամյա Մորալեսը հանդես կգա 10 համարի ներքո, կիսապաշտպանի դիրքում: Ու, ամեն ամիս կստանա 213 դոլար աշխատավարձ: Առաջին խաղը Մորալեսի մասնակցությամբ տեղի է ունենալու օգոստոսին, երբ երկրում կմեկնարկի “Ապերտուրա” առաջնությունը, սակայն նա կխաղա այնպես, ինչպես աշխատանքային գրաֆիկը թույլ կտա:
“Նա պաշտում է ֆուտբոլը ու բավականին լավ է խաղում: Նա լավ մարզավիճակում է “,-ասել է Կրոնենբոլդը:
Տեղի ԶԼՄ-ների տեղեկացմամբ, Մորալեսը ողջ աշխարհում առաջին գործող նախագահն է, որ պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբի հետ պայմանագիր է կնքում:
“Սպորտ Բոյզ-ը” այս սեզոնից առաջ մտել է բարձրագույն դիվիզիա` առաջնությունում գրավելով երկրորդ տեղը: Հիմա այն “Կլաուսուրա” մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղն ու պայքարում Հարավային Ամերիկայի գավաթի ուղեգրի համար: Այն մարզում է 1986-ի չեմպիոն արգենտինացի Նեստոր Կլաուսենը:
Էվո Մորալեսը Բոլիվիայի նախագահն է 2006-ից:
Tags: Բոլիվիա, Էվո Մորալես, ֆուտբոլ