Արգենտինան Իրանի հետ կնքած հուշագիրը հակասահմանադրական է ճանաչել

Iran ArgentinaՆախօրեին Արգենտինայի դաշնային դատարանի կոլեգիայի վճռով Իրանի հետ 1994-ի ահաբեկչության հետաքննության մասին հուշագիրը հակասահմանադրական է ճանաչվել:

Վճռում գրված է, որ Բուենոս Այրեսում 1994-ի հուլիսի 18-ի ահաբեկչության հետաքննության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը հակասում է Արգենտինայի սահմանադրությանը։ Փաստատուղթը 2013-ի հունվարի 27-ին ստորագրել էին Արգենտինան և Իրանը։

«Երկրի իշխանությունները պետք է զերծ մնան հուշագրի դրույթների կատարումից այնքան ժամանակ, քանի դեռ չեն սպառվել արդարադատության բոլոր միջոցները»,–մեջբերվում է վճռում։

Արգենտինայի իշխանությունները կարծում են, որ ահաբեկչությունը կազմակերպել են  Իրանի ութ քաղաքացիներ: Նրանց թվում է նաև Իրանի պաշտպանության նախկին նախարար Ահմադ Վահիդին։

Դաշնային դատարանը մտադիր է Ինտերպոլից նրանց ձերաբակալելու թույլտվություն ստանալ։

Իրանի ներկայացուցիչները պնդում են, որ նրանք անմեղ են և կապ չունեն հրեական մշակութային կենտրոնում կազմակերպված այդ ահաբեկչության հետ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարզիե Աֆհամը, անդրադառնալով արգենտինյան կողմի կատարած քայլին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Արգենտինայի դատարանի վճիռը սխալ է:

«Այդ հուշագիրը հարմար միջոց էր 1994-ի աղետի մասին ճշմարտությունը պարզելու և կողմերի միջև գոյություն ունեցող խնդիրը կարգավորելու համար: Իրանի կառավարությունը վստահ է, որ իր քաղաքացիների դեմ ուղղված մեղադրանքներն  անհիմն են »,-հայտարարել է խոսնակը:

Ահաբեկչությունը, որի համար Արգենտինան մեղադրում է Իրանին, կատարվել էր 1994-ի հուլիսի 18-ին Բուենոս Այրեսում: Մահապարտ ահաբեկիչը հրեական մշակութային կենտրոնում պայթյուն էր իրականացրել, որի հետևանքով զոհվել էր 85, վիրավորվել 200 մարդ:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Tags: ,