Էրեբունի միջնաբերդը կվերականգնվի առաջիկա 3 տարիների ընթացքում. Գագիկ Գյուրջյան

ԳյուրջյանԹանգարանների միջազգային օրվան ընդառաջ այսօր երեկոյան կսկվի ՛՛Թանգարանային գիշեր՛՛  միջոցառումների շարքը: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյան այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց ոլորտում  առկա խնիրներից և բացահայտեց իրենց նախատեսած ծրագրերը:

Քանի որ այս տարի ՛՛Թանգարանների գիշեր՛՛ նախաձեռնությունը 10-րդ անգամ է անցկացվում, իրենք որոշել են ավելի յուրահատուկ կերպով նշել այն.  ՛՛Սա համաեվրոպական միջոցառում է, ուստի մենք միացել են եվրոպական թանգարանների կազմակերպած մի հետաքրքիր ծրագրի: Թանգարանի այցելուները եվրոպական ցանցին միանալու պարագայում իրենց կողմից արված լուսանկարները կարող են ներկայացնել եվրոպական երկրների թանգարանների այցելուներին, իրենք էլ կարող են տեսնել այդ երկրների թանգարանների լուսանկարներն առցանց, այսինքն՝ միասնական ալբոմ կստեղծվի՛՛:

Այս տարի Թանգարանային գիշերվա կարգախոսն է՝ «Ցուցանմուշները ստեղծում են կապեր». այդ կապակցությամբ «Էրեբունի»-ում այսօր կցուցադրվի Բրիտանական թանգարանի պատմությունը ներկայացնող ֆիլմ: Սա հատկապես հետաքրքիր է հայերի համար, քանի որ Բրիտանական թանգարանում են պահվում բազմաթիվ հայկական և ուրարտական ցուցանմուշներ: Ֆիլմի ցուցադրությունները ընդմիջվելու են «Վան» ազգագրական համույթի կենդանի երգերով և պարերով:

՛՛Մենք ունենք Պատանի հնագետի դպրոց, որի երեխաները ուսումնական պեղումներ են իրականացնելու: Մենք համագործակցել ենք նաև Կարեն Դեմիրճյանի թանգարանի հետ. առանձնացրել ենք մեր թանգարանից 6 որմնանկարի պատճեներ, որոնք ցուցադրվելու են Դեմիրճյանի թանգարանում: Այդ միջոցառման կարգախոսն է՝ ՛՛Անակնկալ գիշերով՛՛, քանի որ այցելուների համար անակնկալ կլինի Դեմիրճյանի թանգարանում տեսնել ուրարտական որմնանկարներ»,- ասաց արգելոց- թանգարանի տնօրենը: Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Երևանի քաղաքապետարանը թանգարանին կտրամադրի ավտոբուսներ, որոնց մեկնակետը կլինի Հանրապետության հրապարակից:  Անցյալ տարի ավտոբուսներ տրամադրելու արդյունքում եռակի ավելացել էր այցելուների քանակը:

Անդրադառնալով թանգարանի խնդիրներին` Գագիկ Գյուրջյանը նշեց, որ իրենց թանգարանը նման չէ սովորական թանգարաններին, քանի որ նաև արգելոց է, սակայն ունի մի շարք խնդիրներ, որոնք հատուկ են մեր երկրում առկա այլ թանգարաններին: Նա տեղեկացրեց, որ մինչև անցյալ տարի թանգարանը չուներ ջեռուցում, բայց քաղաքապետարանի ջանքերով այդ հարցն արդեն լուծված է: ՛՛Խնդիրները քիչ-քիչ վերանում են: Ներկայումս մենք շեշտը դրել ենք միջնաբերդի վերականգնման վրա: Մենք ֆրանսիացի մասնագետների հետ արդեն 6 տարի է, ինչ պեղումներ են կատարում և առաջիկա երեք տարիների ընթացքում ծրագրում ենք ավարտել վերականգնման աշխատանքները՛՛,-ասաց նա:

Tags: ,