Վե՛րջ դրեք կաղամբների և թռչունների գաղափարախոսությանը. սեքսապաթոլոգ

վրեժ«Ընտանիքը նույնպես համակարգ է, և որքան էլ թվում է, թե հայկական ընտանիքը մատչելի ու տեսանելի է, բայց հայկական ընտանիքը փակ համակարգ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով ընտանիքի հոգեբանական և սեռական առողջության մասին, ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը` ընդգծելով, որ ընտանիքի հոգեկան առողջության մեջ շատ կարևոր է ընտանիքի անցյալը: Եթե ընտանիքի անդամներից մեկը որևէ հոգեկան, առողջական խնդիր է ունենում, դա ազդում է ընտանիքի բոլոր անդամների՝ հատկապես երեխաների վրա:

Նա նշեց, որ երեխան ընտանիքում առկա խնդիրը կարող է ներկայացնել հոգեկան կամ մարմնական հիվանդության միջոցով:

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսապաթոլոգ, սեքսապաթոլոգիայի ամբիոնի դասախոս Վրեժ Շահրամանյանը համաձայն է , որ երեխայի ապագայի վրա մեծ ազդեցություն է թողնում նրա ընտանիքը և դաստիարակության ձևերը. «Հետազոտությունները ցույց են տալիս՝ հոգեբանական և սեռական որոշ խնդիրներ ունեցող երեխաների մեծ մասն այնպիսի երեխաներն են, որոնք դաստիարակվում են ոչ լիարժեք ընտանիքներում: Նման երեխաները կարող են ապագայում ունենալ բազմաթիվ բարդույթներ և դրանից առաջացած խնդիրներ»:

Վրեժ Շահրամանյանը կարևորում է նաև սեռական դաստիարակությունը:  ՛՛Սեռական դաստիարակությունը ընդհանուր դաստիարակության մի ճյուղն է: Սեռադաստիարակության բացթողումների հետևանքով երեխաների մոտ առաջանում են խնդիրներ. նա լինում է բարդույթավորված և սկսում է խուսափել շփումից, դա ազդում է նաև նրա հետագա անձնական կյանքի վրա: Պետք է վերջ դնել կաղամբների և թռչունների գաղափարախոսությանը,-ասաց նա, հավելելով,-կա մի սեռական խանգարում, որը կոչվում է վագինիզմ, այն ավելի շատ բնորոշ է հայերին: Վերլուծելով կանանց սեռական խանգարումները՝ պարզվում է, որ պատճառը սխալ սեռական դաստիարակությունն է: Ընտանիքի մթնոլորտից է կախված երեխայի ապագան»,- ասաց սեքսապաթոլոգը:

 

Tags: ,