Եվրոպայի օրերը մեկնարկեցին Գյումրիից

26 125Մայիսի 17-24-ը Հայաստանում կանցկացվեն Եվրոպայի օրվա տեղեկատվական շաբաթվա միջոցառումներ: Եվրոպայի օրը մի շարք միջոցառումների և տոնակատարությունների առիթ է, որը նպաստում է Եվրոպայի հասանելիությանը անդամ, նաև  հարևան պետությունների քաղաքացիների համար:
Եվրոպական շաբաթվա բացումը տրվեց Գյումրիում, որին մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան, ՀՀ-ում Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելը, ՀՀ-ում Շվեդիայի թագավորության դեսպանության հավատարմատար Մարտինա Քուիքը, Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը և Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովանի Ռիչուլին:
Բացման խոսքով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար  Տրայան Հրիսթեան: «Շատ մեծ պատիվ է մեզ համար Հայաստանում տոնել 1950թ. մայիսի 9-ին Շումանի ընդունած հռչակագրի տարեդարձը: Իսկ այս տարի նշվում է Եվրոպայի ընդլայնման 10-ամյակը», – մասնավորապես նշեց ԵՄ դեսպանը:
Ելույթներին հաջորդեց երիտասարդական քննարկումը Գյումրու տեխնոպարկում, որը վերաբերում էր ԵՄ-Հայաստան հարաբերություններին և միասնական արժեքներին: Իրադարձությունները շարունակվեցին մշակութային միջոցառումներով, «Հոկտեմբեր» կինոթատրոնում տեղի ունեցավ ԵՄ աջակցությամբ Գյումրիում և հարակից շրջաններում իրականացվող ծրագրերի տեղեկատվական ցուցահանդես, ապա գյումրեցի արվեստագետները ստեղծեցին «E» տառը խորհրդանշող ինստալացիա՝ այդպիսով արտահայտելով Եվրոպայի մասին իրենց պատերացումները:
Երեկոյան միջոցառման մասնակիցները կայցելեն նաև Մհեր Մկրտչյանի թանգարան, իսկ թատերական հրապարակում կլինի «Բամբիռ» համույթի համերգը:

 

Tags: