Շուշան Պետրոսյանի հերթական «հիստերիան» լրագրողների նկատմամբ

Shushan-Petrosyan-gyumri-concert

Այսօր Ազգային ժողովում հերթական անգամ լրագրողների հանդեպ խիստ անհարգալից վերաբերմունք է դրսևորել հանրապետական պատգամավոր Շուշան Պետրոսյանը:

«Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հարցին՝ կապված շաբաթ օրը «Վերնիսաժում» տեղի ունեցած կրակոցների հետ, Շուշան Պետրոսյանը հրաժարվել է պատասխանել՝ ասելով. «Իմ կյանքը կերել եք, բոլորդ անբարոյական եք»: Մեկ այլ լրագրող, լսելով նրան, մոտեցել է պարզաբանում ստանալու, թե ինչու է պատգամավորը լրագրողներին վիրավորում և ստացել հերթական հակահարվածը. «Գնացիր ստեղից»:

Երգչուհի պատգամավորի պահվածքը մեծ վրդովմունք է առաջացրել ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների մոտ: Նրանք որոշել են հանդիպել Շուշան Պետրոսյանի հետ և բացատրություն լսել նրա արարքի վերաբերյալ, սակայն դա չի հաջողվել. պատգամավորը միջադեպից հետո լքել է խորհրդարանի շենքը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը, իր ֆեյսբուքյան էջի միջոցով դիմելով նախկին գործընկերներին՝ լրագրողներին, գրել է. «Հարգելի լրագրողներ, «Չորրորդ իշխանության» իմ սիրելի գործընկերներ, այսօր տեղի է ունեցել թյուրիմացություն եւ չհասկացվածություն, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի եւ իմ շատ սիրելի եւ հանրապետությունում հարգված, հայտնի լրագրող Ռուզաննա Ստեփանյանի միջև: Ես՝ որպես ԱԺ պատգամավոր, ներողություն եմ խնդրում բոլոր լրագրողներից և հատկապես Ռուզանից այս անհաճո միջադեպի համար և վստահեցնում, որ Շուշանը որեւէ անձի եւ որեւէ մասնագիտություն վիրավորելու միտում չի ունեցել, ներող եղեք, եթե այդպես է ընկալվել: Ես եւ Ռուզաննան այս միջադեպից հետո զրուցել ենք ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ, եւ խմբակցության ղեկավարը նույնպես ներողություն է խնդրել կատարվածի համար: Վստահ եմ, համապատասխան խոսք կասի նաեւ Շուշան Պետրոսյանը»:

Մեկ այլ նախկին լրագրող էլ՝ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հայտնեց, որ Շուշան Պետորսյանն անպայման պետք է պարզաբանի իր արարքը:

Հանրապետական այլ պատգամավորներ, օրինակ՝ Կարեն Ավագյանը, Արփինե Հովհաննիսյանը, հրաժարվեցին մեկնաբանել իրենց գործընկերոջ պահվածքը:

Անկախ

Tags: , ,