Խորհրդարանում Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չկարողացավ զսպել վրդովմունքը՝ կապված Ջավադյանի հայտարարության հետ, թե կենսաթոշակային համակարգում պարտադիր բաղադրիչը պետք է պահպանվի:
«Դա պնդելը նույնն է, ինչ հանցագործություն կատարելը: Ինչո՞ւ եք նորից կրքերը լարում: Դուք չեք ուզում ստեղծել միջադեպ, որ կենսաթոշակային համակարգում բարեփոխումները շարունակական լինեն»,-ասաց Մինասյանը:
Դաշնակցական պատգամավորը մեջբերեց ՍԴ որոշումը, որտեղ 3 բաղադրիչով բնութագրված է պարտադիր բաղադրիչի հակասահմանադրական լինելու փաստը:
«Պարո՛ն Ջավադյան ջան, պարտադիր բաղադրիչը համակարգում պահել հնարավոր չի: Դա հակասահմանադրական է: Եթե նման փորձ արվի, պայքարն ավելի է թեժանալու: Էդ բանը, ինձ թվում է, պետք է հասկանայիք: Չի՛ կարելի»:
Նա հորդորեց ԱԺ բարձր ամբիոնից պարտադիրի մասին չխոսել այնքան ժամանակ, քանի դեռ նոր համակարգը մշակված չէ:
«Անունը դիզայն կդնեք, թե ինչ կդնեք, էս ամբիոնից դրա մասին մի խոսեք»,-ամփոփեց Արծվիկ Մինասյանը:
Tags: Ազգային ժողով, արծվիկ մինասյան, կենսաթոշակային պարտադիր վճարումներ