Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Արթուր Ջավադյանի թեկնածության վերաբերյալ ամփոփիչ ելույթում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ իրենց խմբակցությունը չի կարող կողմ քվեարկել նրա թեկնածությանը և չի մասնակցելու քվեարկությանը:
«Հանրության շրջանում առկա մի շարք դժգոհությունների շարքում մեծ տոկոս են կազմում բանկային համակարգի բարձր տոկոսները: Վերջին շրջանում մեծ են արտագաղթողները, որոնք ողջ անշարժ գույքը գրավ են դրել և չեն կարողացել այդ աննախադեպ բարձր տոկոսադրույքները մարել»,-հայտարարեց նա:
Պատգամավորի համար նաև զարմանալի է, որ վարկերի 98 տոկոս վերադարձնելիություն պայմաններում վարկային տոկոսներն այսքան բարձր են:
Ինչ վերաբերում է իշխանությունների այն հայտարարություններին, որ Հայաստանում բանկային համակարգը շատ զարգացած է, ապա Նաիրա Զոհրաբյանը չի հասկանում, թե այդ դեպքում ինչու է Հայաստանի տնտեսությունն օր օրի փլուզվում:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը նույնպես հայտարարեց, որ չեն մասնակցելու քվեարկությանը: Նրա խոսքով՝ Կենտրոնական բանկի նախագահը մտել է քաղաքական դաշտ, մինչդեռ պետք է դրսևորի միմիայն պրոֆեսիոնալ մոտեցում:
ՀԱԿ խմբակցության ղեկավարն էլ միացավ իր գործընկերներին՝ հայտարարելով, որ զերծ են մնալու քվեարկությունից:
ՕԵԿ խմբակցության անդամ Մհեր Շահգելդյանը հայտարարեց, որ ՕԵԿ-ը որևէ հստակ դիրքորոշում չունի և որ իրենց պատգամավորները ազատ են քվեարկության հարցում:
ԿԲ նախագահի քվեարկությունը տեղի կունենա վաղը:
Tags: Ազգային ժողով, Արթուր Ջավադյան, ԿԲ