«Լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված». Հովիկ Աբրահամյան

big_196fbc39f7f031c725899bd8b80f1b95ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանում ներկայացնում է նոր կառավարության ծրագիրը: Վարչապետին հարցեր տալու համար հերթագրվել են մեծ թվով պատգամավորներ: Առաջինը նրան հարցեր ուղղեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հովիկ Աբրահամյանը նախ ակնարկեց. «Բա մի ժամանակ հարցեր չէիք տալիս վարչապետին»:

Ի պատասխան՝ Արամ Մանուկյանն ասաց, որ ինչպես նախորդ վարչապետին է հարցեր ուղղել, այդպես էլ իրեն է շարունակելու տալ՝ ընդ որում առավել ակտիվ ձևով:

ՀԱԿ պատգամավորը, մեջբերելով Սահմանադրության 88-րդ հոդվածը, ըստ որի կառավարության անդամը չի կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, Հովիկ Աբրահամյանին հարցրեց, թե արդյոք նոր կառավարությունում չկա՞ն մարդիկ, որոնք զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ:

Արամ Մանուկյանը նաև նշեց, որ բոլորը շատ վատ են վերաբերում վարչապետի նշանակած կադրերին:

Հովիկ Աբրահամյանը առաջին հարցի հետ կապված նշեց, որ ինքը կոնկրետ որևէ տեղեկատվություն չունի, որ այսօրվա որևէ նախարար զբաղվում է ձեռնարկատիրությամբ: «Եթե նման մարդիկ կան, ուրեմն անպայման կառավարությունից կհեռանան»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ընտրված կադրերի նկատմամբ հանրության դժգոհությանը, ապա նա նշեց, որ դա խիստ հարաբերական է, քանի որ մեկի համար կարող են վատը լինել, մյուսի համար՝ լավը: «Ինձ համար կարևոր սկզբունքը եղել է այն, որ նշանակված կադրերը լինեն հնարավորինս պրոֆեսիոնալ, քանի որ մենք այլևս սպասելու ժամանակ չունենք: Ես հաշվի եմ առել նրանց փորձը: Եվ կառավարության այն անդամը, որը չի լուծի իր առջևր դրված խնդիրը, մեր ճանապարհները կբաժանվեն»:

Արամ Մանուկյանն արձագանքեց. «Դուք Ձեր կադրային նշանակումներով անմիջապես հերքեցիք ձեր նախնական խոստումները: Իսկ եթե չգիտեք ձեր կառավարության մեջ ովքեր ինչ ձեռնարկատիրական գործունեությամբ եք զբաղվում, ապա հետևեք մամուլին և կիմանաք»:

«Մամուլին, որ նայենք, չենք կարող ճիշտ կողմնորոշվել և աշխատել»,-պատասխանեց Հովիկ Աբրահամյանը,-ես ընդհանրապես ազատ եմ կադրային քաղաքականության առումով: Ես գիտեմ ձեր մտավախությունը որն է, որ մենք կարող է՝ լավ աշխատենք, և ձեզ հնարավորություն չլինի մեզ քննադատելու: Սխալներ, իհարկե, թույլ կտանք, բայց քիչ և հաճույք չենք պատճառի ձեզ»:

Այստեղ Գալուստ Սահակյանը չկարողացավ չմիջամտել և դիմելով Արամ Մանուկյանին՝ ասաց. «Մեր և ժողովրդի բախտը բերել է, որ դուք չեք ուզում մեզ հետ աշխատել»:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, մեջբերելով վարչապետի նշած 3 փիլիսոփայական կետերը, ըստ որի կառավարությունը պետք է լինի իրատեսական, խստաահանջ և ականջալուր, անդրադարձավ վերջին սկզբունքին՝ ականջալուրին:

«Հանրապետության նախագահն ինքը հայտարարեց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է պարտադիր կուտակային բաղադրիչին: Այդ 80 տոկոսին ակնաջալուր լինելու՞ եք: Մենք նկատեցինք, որ կառավարության ծրագրում ներառված է պարտադիր բաղադրիչը»:

Հովիկ Աբրահամյանն ասաց, համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված: «Մենք մեր ժողովրդի թշնամին չենք: Պետք է լինի հնարավորինս լայն խավերի կողմից ընդունելի նախագիծ»:

Զոհրաբյանը նկատեց. «Պարտադիր, բայց ոչ պարտադրված բանաձևը ես ինքս չեմ հասկանում, բայց հույս ունենանք, որ վերջնարդյունքում դա կբավարարի հանրության 80 տոկոսին»:

 

Անկախ

Tags: , ,