Արզումանյանն այն տպավորությունն ունի, որ գազի ոլորտն ամբողջովին հանձնվել է Ռուսաստանի տնօրինությանը

downloadՊատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, դիմելով խորհրդարանում նոր կառավարության ծրագիրը ներկայացնող վարչապետ Հովիկ Աբրահամյանին, նախ ասաց, որ հուսով է՝ վերջինս իրեն ի նկատի չուներ՝ ասելով, որ ընդդիմադիրների համար գործում է որքան վատ, այնքան լավ սկզբունքը: «Գոնե ես այդ սկզբունքով չեմ առաջնորդվում»,-ասաց Արզումանյանը՝ շնորհավորելով Հովիկ Աբրահամյանին իր նշանակման կապակցությամբ և մաղթելով արգասաբեր աշխատանք:

Ապա անցնելով բուն հարցին՝ ասաց. «Դուք հստակ նշել եք, որ Հայաստանը ձգտելու է դեպի Մաքսային միություն և Եվրասիական միություն: Սակայն ՄՄ հիմնադիր երկու երկրների նախագահեր և վերջերս տարբեր տրամաչափի չինովնիկներ անընդհատ հայտարարում են ԼՂՀ-ի և Հայաստանի միջև հատուկ մաքսակետ սահմանելու մասին, ինչը նշանակում է, որ ԼՂՀՆ-ն չի ներառվում Մաքսային Միության կազմում: Կարո՞ղ եք հայտարարել, որ եթե նման պահանջ առաջ քաշվի, ապա Դուք կհրաժարվեք Մաքսային միությունից»:

Հովիկ Աբրահամյանը նախ նշեց, որ ընդդիմադիրների վերաբերյալ իր խոսքը Արզումանյանին չի վերաբերել և շնորհակալություն հայտնեց իրեն շնորհավորելու համար: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, ապա Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ այդ առումով իրենք ճիշտ ուղու վրա են, քանի որ դա բխում է Հայաստանի տնտեսական շահերից, ուստի պետք է շարունակեն իրենց աշխատանքներն այդ ուղղությամբ: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա նա Արզումանյանին խնդրեց այդ մասին ավելի քիչ խոսել, քանի որ դա կարող է խաթարել բանակցային գործընթացին, իսկ իրենք ամեն ինչ անում են, որ խնդիրը լուծվի հօգուտ Հայաստանի և Արցախի:

Պատգամավորի հաջորդ հարցը վերաբերում էր գազի խնդրին: Նա նկատեց, որ կառավարության ծրագրում որևէ խոսք չկա գազի մասին, ինչն իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծում, որ Հայաստանն այդ ոլորտն ամբողջովին հանձնել է Ռուսաստանի տնօրինությանը:

Հովիկ Աբրահամյանը խոստովանեց, որ գազի ոլորտում խնդիրներն իսկապես շատ լուրջ են, և պետք է ոչ ստանդարտ որոշումներ կայացվեն: Ինչ վերաբերում է այլընտրանքային գազի ձեռք բերման հնարավորությանը, ապա նա նշեց, որ այդ ուղղությամբ քայլերը պետք է ամրապնդել Իրանի հետ. «Ես լուրջ տրամադրված եմ Իրանի կառավարության հետ խորացնելու մեր հարաբերությունները և շատ եմ կարևորում նրանց հետ մեր համագործակցությունը»,-ասաց նա:

 

Անկախ

Tags: , , ,