Լրացավ Լաչինի ազատագրման 22 տարին. ինչու՞ չի լուսաբանվում, ինչու՞ են թաքցնում ազատագրման մանրամասները

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ  Լաչինի ազատագրման  մանրամասներին ու սակավ լուսաբանման պատճառներին անդրադարձան  «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահ Սուրեն Կարապետյանը, ազատամարտիկ Արթուր Բունիաթյանն ու պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը:

347299412

Ըստ Սուրեն Կարապետյանի` Լաչինի ազատագրման սակավ լուսաբանումը   կապված է նրա հետ, որ Լաչինի ազատագրումը կապ չի ունեցել Շուշիի ազատագրման հետ, չի նախաձեռնվել պետական պաշտոնյաների կողմից: «Հետախույզ վետերանների միություն» ՀԿ նախագահը ներկայացրեց Լաչինի ազատագրման ողջ օպերացիան, իսկ ազատագրման հարցում նշեց հատկապես Դնեպրիկ Բաղդասարյանի դերը, ով ըստ նրա լեգենդար ռազմական գործիչ է, պետական կերակրամանին մոտ չի գտնվել և դեռ այն ժամանակ էլ հակասություններ է ունեցել ղեկավարների հետ, և այս պատճառով նրա դերը չի լուսաբանվում, չի արժանանում պատշաճ ուշադրության` չնայած այն հանգամանքին, որ ազատագրումը չի եղել պատահական, այլ մշակված, հստակ պլանավորված ռազմավարության իրականացման արդյունք է: «Այս ամենի մասին լռում է նաև Պաշտպանության նախարարությունը. չեմ ուզում այս ամենին քաղաքական իմաստ տալ` դրանով կցածրացնեմ Դնեպրիկ Բաղդասարյանի ու մյուս տղաների դերը: Մենք միշտ ցույց ենք տվել, որ Ղարաբաղն ինքն է ձգտել  դեպի հայրենիք ու շրջափակումից դուրս գալու համար փորձել ազատագրվել, բայց այսօր պետք է ցույց տալ նաև, թե ինչն ինչպես է եղել»-նշեց Սուրեն Կարապետյանը:

Պատմաբան Գևորգ Մելքոնյանը նշեց, որ Քաշաթաղի շրջանն ավելի հին պատմություն ունի: Այստեղ մարտեր են մղվել դեռ Անդրանիկ զորավարի, Գարեգին Նժդեհի ու Դրաստամատ Կանայանի օրոք: Երբ 1921թ.-ի հուլիսի 5-ին ընդունվում է Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Ադրբեջանի կազմում ընդգրկելու և այդ տարածքում ինքնավար մարզ կազմավորելու վերաբերյալ պարտադրված որոշումը, Ադրբեջանը խորամանկությամբ այս տարածքները ընդգրկում է իր պետության քարտեզի մեջ և այս տարածքում ստեղծում Քուրդիստան գավառը: Ըստ պատմաբանի` Քաշաթաղի ազատագրումը պետք է դիտարկել նույնքան կարևոր պատմական իրադարձություն, որքան Շուշիի ազատագրումը:

Ազատամարտիկ Արթուր Բունիաթյանն էլ ասաց. «ես միշտ դեմ եմ եղել յուրաքանչյուր անարդարությանը: Մեկ բան կասեմ. թող ամեն մեկը զբաղվի իր գործով ու խոսի այն մասին, ինչ արել է»:

Tags: , , , ,