Պարգևներ ասմունքի մրցույթների հաղթողներին

005Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից Անկախին հայտնեցին, որ Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի հոբելյանական միջոցառումներում ներառված ասմունքի մրցույթի հաղթողները հյուրընկալվել են Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհավորել է մրցույթի մասնակից աշակերտներին և շնորհակալություն հայտնել նրանց ուսուցիչներին:

 ասմունքի մրցույթների հաղթողներ«Սիրելի՛ աշակերտներ, Երևանի պատմության նոր կերտողները դուք եք լինելու և արդեն սկսել եք, քանի որ ձեր վերաբերմունքը  պոեզիային, գրականությունը անպայմանորեն անհետք չի մնալու ձեր կենսագրության մեջ. գրականությունը լավագույն ինքնաճանաչման դրսևորումն է։ Շնորհավորում եմ բոլոր մասնակիցներին և շնորհակալություն եմ հայտնում բոլոր մանկավարժներին, ովքեր աշակերտների հոգիներում ու մտածողության մեջ սերմանում են գրականությունը, հայի ազգային լինելու կարևորությունը, ոգևորում են աշակերտներին ու արժանացնում պարգևների»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և հաղթող աշակերտներին է հանձնել մրցանակ գրքերը։

Պարույր Սևակի 90-ամյակի և Հ. Սահյանի 100-ամյակի կապակցությամբ ասմունքի մրցույթներն անցկացրել է Երևանի քաղաքապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովը։ Երևանի քանաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն ընդգծել է, որ մրցույթն անցկացվել է աշակերտական գիտական ընթերցումներ ներառելով, ինչը աշակերտների՝ գրականության գիտելիքների դրսևորման լավագույն միջոց է։

Մրցույթներին մասնակցել է Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների  358 աշակերտ։ «Պարույր Սևակ» ասմունքի մրցույթի մրցանակային տեղեր է գրավել տարիքային 2 խմբերից  9 աշակերտ, խրախուսվել է 2-ը։ «Համո  Սահյան» ասմունքի աշակերտական մրցույթի հաղթողները 6-ն են, խրախուսվել է 16 աշակերտ։

Միջոցառման ավարտին Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկաներին հրավիրել է դիտելու Երևանի 17-19-րդ դարերի մասին պատմող «Հին Երևանի անցուդարձը» գրաֆիկական անիմացիան, որը,  որպես նորարարություն, վերջերս է ներառվել Երևան քաղաքի պատմության թանգարանի ցուցադրությունում։

 

Անկախ

Tags: ,