Աշոտյանը «Հայ եկեղեցու պատմությունը» դասագրքերից հանելու մասին

Արմեն-ԱշոտյանԱյսօր լրագրողները կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, ի վերջո շարունակվելու՞ է դպրոցական ծրագրերում «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը, թե ոչ: Քանի որ ՄԱԿ-ը զեկույց էր հրապարակել, ըստ որի սույն առարկան ոտնահարում է խղճի և կրոնի ազատության մասին օրենքները:

«Հայաստանի կրթական համակարգի բովանդակությունը որոշում է ՀՀ կառավարությունը», – ասում է Արմեն Աշոտյանն ու նշում, թե իրենք բարձր են գնահատում բոլոր միջազգային, արտասահմանյան գործընկերներին և նրանց աջակցությունը, սակայն կրթական քաղաքականությունը որոշում ենք մենք:

«Մենք կարիքը չունենք փորձագիտական եզրակացությունների, որպեսզի Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը, հոգևոր, մշակութային ժառանգության պահպանման, ազգային ինքնության հարցերում դնենք հարցականի տակ՝ հանուն ինչ-ինչ զեկույցների», – ասում է նախարարը:

Նա նաև հայտնում է, որ այդ զեկույցները ենթակա չեն պարտադիր կատարման: Իսկ «Հայ եկեղեցու պատմությունը» շարունակվելու է դասավանդվել, ավելին այն արդեն փորձում են կիրառել նաև տարրական դասարաններում, և գործընթացն անկասելի է: Արմեն Աշոտյանը առարկայի դասավանդումը չի կապում խղճի ազատության դրսևորումների հետ. «Այն բացառապես կապված է հայրենի երկրի պատմության, ազգային ինքնության ճանաչման գործընթացի հետ, որտեղ եկեղեցու առաքելությունն ամրագրված է Սահմանադրությամբ»:

Նախարարը հավելում է, որ այդ նույն զեկույցում խոսվել է նաև ՆԶՊ առարկայի դասավանդման դադարեցման մասին: Այստեղ ևս նախարար Աշոտյանը նույն կարծիքին է. «Մնացել էր, որ այլ մայրցամաքներում աշխատող մարդիկ  մտածեն, թե ինչ է պետք մեր երեխաներին, մեր երկրին  և մեր հասարակությանը: Սա բացառապես մեր խնդիրն է»:
Զինվորական պատրաստվածությունը և «Հայ եկեղեցու պատմությունը» մնալու են դպրոցական ծրագրերում:

Tags: ,